Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, անդրադառնալով Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը, Ադրբեջանի իշխանություններին եւ ռուս խաղաղապահներին կոչ է արել անհապաղ բացելու երթուղին եւ վերջ դնելու աճող հումանիտար ճգնաժամին։
Amnesty International-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Մարի Ստրաթերզը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները վերահսկում են շրջափակման մեջ գտնվող տարածքը։
«Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չզրկվի սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների եւ դեղորայքի հասանելիությունից: Իր հերթին ռուսական խաղաղապահ առաքելությանը մանդատ է տրված ապահովելու Լաչինի միջանցքի անվտանգությունը։ Այդուհանդերձ, երկու կողմերն էլ ակնհայտորեն չեն կատարում իրենց պարտավորությունները»,- շեշտել է Ստրաթերզը:
Պաշտոնյան Ադրբեջանին եւ Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ձեռնարկելու մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան արդյունավետ միջոցներ՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու եւ հումանիտար ճգնաժամին վերջ դնելու համար: