Պատերազմի հետազոտության ինստիտուտը (ISW) ներկայացրել է ռուս-ուկրաինական ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին հերթական վերլուծությունը։
Բանտարկյալների հավաքագրումը կշարունակվի, բայց փոքր ծավալով
«Վագներ» խմբավորման ֆինանսիստ Եվգենի Պրիգոժինը, ի պատասխան մամուլում հայտնված հրապարակումների, հայտարարել է, որ փետրվարի 9-ի դրությամբ «Վագների» կողմից բանտարկյալների հավաքագրումը «ամբողջապես դադարեցված է», եւ «Վագների» շարքերում աշխատողների նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարվում են։ Ռազմական փորձագետները, սակայն, Պրիգոժինի հայտարարությանը չեն հավատում եւ կարծում են, որ բանտարկյալների հավաքագրումը «Վագների» կողմից կշարունակվի, սակայն ավելի սահմանափակ թվով։ ISW-ն հիշեցնում է, որ վերջին մի քանի ամիսներին այդ հավաքագրման տեմպերը նկատելիորեն դանդաղել են, ինչը նաեւ հաստատվում է ՌԴ պատիժների կրման դաշնային գործակալության տվյալներով։ Ըստ այդ տվյալների՝ 2022 թվականի հոկտեմբերից մինչեւ 2023-ի հունվարն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում բանտարկյալների թվի նվազումը կայունացել է։ Այդ երեւույթը լիովին համապատասխանում է Բախմուտի շուրջը «Վագներ» խմբի կողմից սովորական ռուսական զորքերի աստիճանական փոխարինման ընդհանուր միտմանը։
Ռուսները կփորձեն լրացնել զինտեխնիկայի կորուստները
ISW-ի մասնագետները նշում են, որ Կրեմլը շարունակում է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի՝ ձգձգվող պատերազմի պայմաններին համապատասխանեցումը։ Մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 9-ին անցկացրել է ռազմավարական նախաձեռնությունների գործակալության դիտորդական խորհրդի նիստ եւ հանձնարարել աջակցել դաշնային սուբյեկտներին անօդաչու ավիացիոն միջոցների արտադրության զարգացման հարցում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւն էլ ավելի վաղ հայտարարել է, որ ռուսական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունները մտադիր են ընդլայնել ուկրաինական ճակատին հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը՝ ռուսական զորքերին աջակցելու համար։
Ռուսաստանն ու Իրանը, ըստ առկա տեղեկության, մտադիր են համատեղ իրագործել ավելի քան 6000 միավոր անօդաչու արտադրության հնարավորություն ունեցող գործարանի շինարարություն։ Նախօրեին՝ Օմսկի տանկերի գործարան այցելության ժամանակ, Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է ավելի շատ տարբեր տեսակի սպառազինությունների, այդ թվում՝ ժամանակակից տանկերի արտադրում՝ ի պատասխան Ուկրաինային արեւմտյան ռազմական օժանդակության։
Հոլանդական Oryx խմբի մասնագետներն էլ հայտնում են, որ ռուսական զորքերն արդեն կորցրել են նման 1012 տանկ, եւ եւս 546 տանկ էլ գրավվել է ուկրաինական զորքերի կողմից։ Դա, ըստ Oryx խմբի մասնագետների, տանկերի այն քանակի ուղիղ կեսն է, որը Ռուսաստանն ուղղել էր ուկրաինական ռազմաճակատ հարձակման սկզբում։ 1500 միավոր տանկը, ըստ նրանց, բավարար է 15 տանկային գունդ կամ բրիգադ կամ 150 ջոկատատակտիկական խումբ ձեւավորելու համար։ Հոլանդացի ռազմական փորձագետները նշում են, որ Ռուսաստանին հարկավոր է հնարավորինս արագ լրացնել տանկային կորուստները, որպեսզի կարողանա պահպանել մեծածավալ մեխանիզացված մանեւրային ռազմական գործողություններ կատարելու հնարավորությունը արեւելյան ուղղությամբ հնարավոր նոր մեծ ծավալի գրոհի ձեռնարկման պայմաններում։
Մեդվեդեւն, ըստ ամենայնի, իր կոչն այդ կերպ է ձեւակերպել, որպեսզի թաքցնի, որ ռուսական զորքերն ունեն նկատելի ռազմատեխնիկական կորուստներ, եւ հարկավոր է դրանք լրացնելու համար ավելացնել արտադրության ծավալները։ ISW-ի մասնագետները նշում են, որ Կրեմլը շարունակում է ռուսական ռազմաարդյունաբերական համալիրը նախապատրաստել ձգձգվող պատերազմի պայմաններում աշխատելուն, սակայն այնպես, որ ընդհանուր առմամբ ռուսական տնտեսության ավելի լայնածավալ մոբիլիզացիայից հնարավոր լինի խուսափել։ Դա սակայն որոշակի չափով անհնարին կարող է լինել՝ հաշվի առնելով ուկրաինական ռազմաճակատի մասշտաբայնությունը։