ԱՄՆ Գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը հրապարակել է Սիրիայի թիվ 23 ընդհանուր արտոնագիրը, որը 180 օրով թույլ է տալիս կատարել երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները։ Ֆինանսական գերատեսչությունը պարզաբանել է, որ այս ռեժիմը կգործի մինչեւ 2023-ի օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 12:01-ը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա եւ Սիրիայից գումարների փոխանցմանը։
ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոն հայտարարել է, որ արտոնագրով ԱՄՆ պատժամիջոցները Սիրիայում չեն խոչընդոտի սիրիացիների կյանքերը փրկելու ջանքերը։ Ըստ նրա՝ Սիրիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը նախկինում նույնպես ենթադրում էր որոշ բացառություններ, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի եւ ոչ կառավարական կազմակերպությունների մարդասիրական օգնության տրամադրմանը։
Արտոնագիրը չի տարածվում այն գործողությունների վրա, որոնք առնչվում են ԱՄՆ-ում սիրիական նավթի եւ նավթամթերքի վաճառքին: Բացի դրանից՝ դա չի վերաբերում այն անձանց, որոնց ունեցվածքը ԱՄՆ իշխանությունները նախկինում դասել են «արգելափակված սեփականության» շարքին:
Նախօրեին Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունից մտահոգություն էին հայտնել, որ երկրաշարժից հետո Սիրիայում փլատակներում ավելի շատ մարդ է մնացել, քան Թուրքիայում, ինչը պայմանավորված է Սիրիայում որոնողափրկարարական անհրաժեշտ տեխնիկայի բացակայությամբ: