ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 10-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Ռուսական կողմը շեշտել է 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եւ 2022-ի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրագործման աշխատանքների շուտափույթ վերսկսման կարեւորությունը։
Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման, Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, ինչպես նաեւ հասարակական գործիչների, փորձագետների եւ խորհրդարանականների երկխոսության հարցերը։ Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ երկուստեք տրամադրվածություն հայտնելով Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Վերջին անգամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էին ունեցել 2022-ի նոյեմբերի 11-ին։
Փետրվարի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ ՀՀ արտգործնախարարը Երեւանում մտքեր է փոխանակել ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ։ ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցչին նախօրեին ընդունել էին նաեւ ՀՀ վարչապետ Փաշինյանն ու ԱԽ քարտուղար Գրիգորյանը։