Ռուսալեզու մեդիատարածքում գործող ռազմական ոլորտի մի շարք բլոգերներ սուր քննադատության են ենթարկել Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ռազմական հանդերձանքի մատակարարումներին առնչվող սկանդալային բացահայտումների ֆոնին եւ պահանջել պաշտոնանկ անել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
Ռուս ռազմական բլոգերների քննադատությունների թիրախում են հայտնվել թե՛ նախարար Շոյգուն, թե՛ պաշտպանության նախարարությունն առհասարակ։ Բանն այն է, որ «Ռոսիմուշչեստվո» պետական գերատեսչական մարմնի ղեկավարի 22-ամյա որդին ռուսական բանակին նոր զինվորական համազգեստի մատակարարման տենդեր է շահել։
Բլոգերները փաստում են, որ նոր համազգեստը զիջում է որակական ցուցանիշներով, սակայն չափազանց թանկ արժե՝ 1780-2875 դոլար մեկ համազգեստի համար։ Ըստ բլոգերների՝ գինն ու որակն ակնհայտ կերպով անհամատեղելի են, ինչը հանգեցնում է եզրակացության, որ այս առնչությամբ առկա են կոռուպցիոն ռիսկեր։
Հատկապես տելեգրամյան հարթակում առկա հրապարակումներում նշվում է, որ բացահայտվել է կոռուպցիոն մեխանիզմ, որով պատերազմի ֆոնին ռուսական զինվորական չինովնիկական որոշ ընտանիքներ փորձում են հարստանալ։ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հետ կապ ունեցող «Մոխրագույն զոնա» տելեգրամյան ալիքում նույնիսկ բաց տեքստով է ասվում, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այլեւս չի վայելում ռուս ժողովրդի վստահությունը, եւ նախագահ Պուտինը իրավիճակի շտկման համար ունի միայն մեկ ճանապարհ՝ պաշտոնանկ անել նրան։
Այս դրվագը բավարար է, ըստ ամերիկացի ռազմական փորձագետների, որ Շոյգուն թիրախավորվի, դառնա հնարավոր քավության նոխազ ռուսական բանակի՝ ուկրաինական ճակատում ունեցած անհաջողությունների համար, եւ սկսվի արշավ նրան պաշտոնանկ անելու համար։
ISW-ի ռազմական փորձագետները ուշագրավ են համարում, որ Կրեմլում որոշել են առայժմ հանդուրժել ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությանը քննադատելու իրավունք ստացած «արտոնյալների» քննադատական մտքերը եւ գործի չեն դնի «զսպման մեխանիզմներ»։
Այս համատեքստում հատկանշական է համարվում Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի եւ Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Վիկտոր Սոբոլեւի բացահայտ վիճաբանությունը։ Հիշեցնենք, որ Քադիրովը հայտարարել էր, որ ռուսական բանակի անձնակազմի համար մշակված անձնական հիգիենայի կանոնները մահմեդական զինվորականների համար խտրական են։ Այս հայտարարությանը Սոբոլեւը հակադարձել էր քննադատությամբ, և սկսվել էր, այսպես ասած, հանրային վիճաբանություն Քադիրովի եւ Սոբոլեւի միջեւ։
Նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այս վեճին Կրեմլը չի մասնակցում, եւ հետեւաբար ինքը չէր ցանկանա որեւէ գնահատական հնչեցնել այդ առնչությամբ։ Ամերիկացի մասնագետները կարծում են, որ այս կերպ Կրեմլը փորձում է ավելի լոյալ կեցվածք ունենալ ծայրահեղ ազգայնականության հանդեպ, որպեսզի ռազմատենչ տրամադրություններ ունեցող հասարակության ավելի լայն շերտերի համար լինի ընկալելի։