Թուրքական Duvar պարբերականի տվյալներով՝ Թուրքիայում մայիսի 14-ին համապետական ընտրություններ չեն անցկացվի եւ կհետաձգվեն մինչեւ հունիսի 18-ը՝ երկրի հարավ-արեւելքում ավերիչ երկրաշարժերի պատճառով։ Դրա մասին հայտնել է նաեւ թուրքական ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեները։
Ամերիկյան Washington Post պարբերականի «Թուրքիան հապճեպ գերեզմանոցներ է պատրաստում» վերնագրով հոդվածում նշվում է, որ 20 տարի իշխանության մնալուց հետո սա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կարեւոր քննություն է լինելու առաջիկա ընտրությունների եւ երկրաշարժի պատճառած ավերածությունները վերականգնելու համատեքստում։ Պարբերականը գրում է, որ մարդիկ առանց մասնագետների ու սարքերի օգնության ավերակներից դուրս են բերում իրենց հարազատներին, որոշ շրջաններում օգնությունն օրերով չի հասնում։ Իսկ ընդդիմադիրներն ու երկրաշարժից ողջ մնացածները դժգոհում են, որ իշխանությունները շատ դանդաղ են աշխատում աղետի գոտում։ Ըստ Washington Post-ի՝ քաղաքի ծայրամասերում երկրաշարժի հետեւանքով մահացածներին զանգվածաբար հուղարկավորելու պատճառով Քահրամանմարաշի (Մարաշ) գերեզմանատները հետզհետե մեծանում են։
Թուրքիայում մասամբ կամ ամբողջովին փլուզվել են 12 հազար շենք եւ 66 հազար առանձնատուն
Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտնել է երկրաշարժի հետեւանքով ավերված շինությունների վերաբերյալ վերջին տվյալները։ Նախարարը նշել է, որ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել են վնասված կամ փլուզված 12 հազար 141 շենք եւ 66 հազար 58 առանձին շինություն։ Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության՝ վնասված 10 նահանգներից 8-ում շենք-շինությունների առնվազն կեսը կառուցվել է 2001 թվականից հետո, եւ չնայած այդ հանգամանքին՝ վնասը ահռելի չափերի է հասնում։