Փետրվարի 8-ին՝ Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, արել է հայտարարություններ, որոնք օդում ճախրել են, շոյել լյումպենի ականջները, յուր ֆեյքերին ու «ֆեյքերի ֆաբրիկայի» «մատրոսովներին» մղել ոռնալու, թե՝ «tesaq, inch asac mer hzor varchapety» կամ էլ սրա նման մի բան։
Մի քանի անգամ արդեն գրել եմ փաշինյանական այդ տիպի մանիպուլյացիաների մասին. խոսքը մնում է օդում, չի վերլուծվում, ու թվում է`«էս ինչ հրաշալի նախաձեռնություն է»։ Սակայն նման հայտարարությունների արտաքին տպավորությունը ոչ մի կապ չունի իրական բովանդակության հետ։
Ահա փետրվարի 8-ի՝ արտաքուստ անմեղ երկու հայտարարություն (մեջբերում եմ ըստ «Արմենպրեսի»). «Ես անձամբ խոստացել եմ, որ բոլոր այն մարզիկների անունով, որոնք կդառնան օլիմպիական չեմպիոն, Հայաստանում մարզադպրոց կհիմնվի»։ Այնուհետեւ՝ «Եվ ես խոստանում եմ՝ առաջիկա օլիմպիական խաղերում քանի գյումրեցի նվաճի ոսկե մեդալ, մենք այդքան նոր անվանական մարզադպրոց կկառուցենք՝ ամբողջությամբ բյուջեի հաշվին»:
Այս հայտարարությունները ձեզ ինչ-որ բան չհիշեցրի՞ն։ Ինձ, օրինակ, հիշեցրին հոգեբուժարանի մասին հայտնի անեկդոտը. տնօրենին հարցնում են՝ «ինչո՞ւ ամառվա շոգին լողավազանը ջուր չեք լցնում՝ բուժառուները լողանան», պատասխանում է՝ «ես իրենց ասել եմ, մինչեւ լողալ չսովորեն, ջուր չեմ լցնելու»։
Հիմա նույն բանը, ըստ էության, ասում է Նիկոլ Փաշինյանը։
Վերլուծենք, որպեսզի «հզոր վարչապետին» «ադաբրյամս» գոռացողներին լսելու փոխարեն տեսնեք, թե իրականում ինչ է ասում Փաշինյանը։
Նախ՝ «Ես անձամբ խոստացել եմ, որ բոլոր այն մարզիկների անունով, որոնք կդառնան Օլիմպիական չեմպիոն, Հայաստանում մարզադպրոց կհիմնվի»։
Հիմա մտածեք՝ թե քանի մարզաձեւից եւ հայաստանցի քանի մարզիկ օլիմպիական չեմպիոն դառնալու հանարավորություն ունի։
Առաջիկա օլիմպիական խաղերը հաջորդ տարի են, Փարիզում։ Ու եթե այդ օլիմպիական խաղերում ոչ մի չեմպիոն չունենանք, ապա, փաստորեն, առնվազն չորս տարի «շվվացրին» Հայաստանի որեւէ բնակավայրում նոր մարզադպրոց ունենալու մարդկանց հույսերը։ Ապա՝ ենթադրենք միայն ըմբշամարտի չեմպիոն ենք ունենում։ Հետո՞, միայն էդ սպորտաձեւի մի մարզադահլի՞ճ պիտի կառուցվի։
Պարզ ու ակնհայտ է, չէ՞, որ առաջիկայում Հայաստանը թենիսի, բադմինտոնի, թեթեւ ատլետիկայի, լողի եւ բազմաթիվ այլ մարզաձեւերի ոչ միայն օլիմպիական չեմպիոն չի ունենա, այլեւ դժվար թե համաշխարհային հաշվարկում որեւէ մարզիկ անգամ առաջին տասնյակում լինի։
Եվ ի՞նչ, Հայաստանում այլեւս այդ սպորտաձեւերի մարզադպրոցներ չե՞ն կառուցվելու։ Այսինքն՝ «մինչեւ լողալ չսովորեն», Փաշինյանը «լողավազանը ջուր չի՞ լցնելու»։
Երկրորդ՝ «Եվ ես խոստանում եմ՝ առաջիկա օլիմպիական խաղերում քանի գյումրեցի նվաճի ոսկե մեդալ, մենք այդքան նոր անվանական մարզադպրոց կկառուցենք՝ ամբողջությամբ բյուջեի հաշվին»:
Իսկ եթե քյավառցի կամ սյունեցի նվաճի, հանկարծ չկառուցեք։ Կամ, ասենք, արցախցի նվաճի… Ստոպ, Արցախի մասին չխոսենք, կասի՝ էդ թող խաղաղապահ ռուսները կառուցեն կամ Ալիեւը, չէ՞ որ Արցախը այլեւս Հայաստան չէ, ու վերջ։
Բայց չշեղվենք մեր հիմնական թեմայից։
Փաշինյանի տրամաբանությամբ, մարդիկ պիտի հին ու խարխուլ դահլիճներում, տարրական պայմաններից զուրկ մարզադաշտերում պարապեն, չեմպիոն դառնան, որ նոր մարզադպրոց կառուցվի։ Այսինքն, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Սայլը եզներից առաջ է կապում». փոխանակ ասելու, թե նորմալ պայմաններով մարզադպրոցներ կառուցենք, որ չեմպիոններ աճեն, ասում է՝ չեմպիոն դարձեք, որ դահլիճ կառուցեմ։
Այնպես որ, հպարտ քաղաքացիների մտքով հանկարծ չանցնի հարցնել՝ «բա մեր քաղաքում ե՞րբ է մարզադպրոց կառուցվելու»։
Փաշինյանի մամուլի քարտուղարը… Վայ, սխալվեցի, մոռացել էի, որ Փաշինյանն աշխարհի միակ վարչապետն է, որ մամուլի քարտուղար չունի… Ուրեմն՝ կառավարության աշխատակազմում «ֆեյքերի ֆաբրիկայի» կոորդինացմամբ զբաղվողը կպատասխանի. «Ինչպես ասել է մեր մեծարգո ՎԱՐՉԱՊԵՏԸ, երբ որ ձեր քաղաքից մեկը օլիմպիական չեմպիոն դառնա, այն ժամանակ էլ կկառուցենք …»։ Վարչապետի պես hzooooor պատճառաբանություն է։
Իսկ դուք զարմանում եք, որ նման պրիմիտիվ մանիպուլյացիայի դիմողը հանկարծ չմտածված ու անհեռատես հայտարարություններ է անում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ։
Երեւի կարծում է, թե միջազգային վերլուծաբաններն իր ֆեյքերի ֆաբրիկայի փինաչիներն են, եւ նման էժանագին մանիպուլյացիաներով նրանց էլ կարելի է ֆռռացնել ու «kecces mer hzօr varchapet» տիպի հիացական արտահայտություներ պոկել։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։