ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով 2022-ի ընթացքում Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում 11 անշարժ գույք են գնել` 11 բնակարան Երեւանի բազմաբնակարան շենքերում։ Մարզերում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույք չեն գնել։ Ադրբեջանի քաղաքացիները անցյալ տարվա ընթացքում 1 բնակարան են ձեռք բերել Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկում եւ 1 անհատական բնակելի տուն Լոռու մարզում։ Միեւնույն ժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիները 2022-ին Հայաստանում անշարժ գույք չեն վաճառել։
Կադաստրի կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի քաղաքացիները մինչեւ 2022-ը Հայաստանում անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 71 գործարք են կնքել, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 6։ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում 54 բնակարան են գնել, 2 բնակարան նվեր ստացել, 1-ը` փոխանակել։ Բացի դրանից՝ գնել են նաեւ 5 բնակելի տուն, 1 ավտոտնակ, 8 հասարակական նշանակության գույք եւ 12 հողակտոր։ Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ վերոնշյալ երկրների քաղաքացիների ազգությունը Կադաստրի կոմիտեից ստացված պատասխանում չի հստակեցվել։
Մինչ օրս Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ձեռք են բերել 82, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 8 անշարժ գույք։ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ ՀՀ-ում անշարժ գույք են գնել 2005-ին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։