ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար շնորհակալություն է հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին եւ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
«Սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, շնորհակալություն ձեր ջանքերի համար, որոնք հնարավոր դարձրին սա։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը, որը կօգնի մեղմելու Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Սերդար Քըլըչը։ Դիվանագետը նշել է նաեւ, որ հայկական բեռնատարները սննդամթերք, դեղորայք, ջուր եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են տանում Թուրքիա։ Ըստ Քըլըչի` 100 տոննա օգնությունը հասնելու է Ադիյաման։
Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատեւ․ Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն անդրադառնալով Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությանը տեսանյութ է հրապարակել: «Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարի փակ էր, բացվեց մարդասիրական օգնության համար։ Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատեւ», — տեսանյութին կից գրել պոլսահայ պատգամավորը։
Փետրվարի 11-ին ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով եւ ուղեւորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։ Կոստանյանը նաեւ տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները հատում հայ-թուրքական սահմանը։
Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ հասել է 20 հազար 665-ի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 80 հազար մարդ: