Եվրամիությունը դրական է որակել Վիեննայում ավարտված քառօրյա բանակցությունները, որոնց նպատակն էր Միացյալ Նահանգներին 2015-ի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությանը վերադարձնել։
«Քննարկումները կառուցողական էին եւ դրական շրջադարձի հնարավորություն են ստեղծում»,- հայտարարել են ԵՄ դիվանագետները:
Վիեննայում Իրանի եւ միջազգային «հնգյակի» համատեղ հանձնաժողովի՝ 2021-ին առաջին նիստի արդյունքներով նշանակվել են փորձագետների երկու աշխատանքային խմբեր՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման եւ միջուկային ոլորտում Թեհրանի պարտավորությունների կատարման հարցերով:
Խմբերին հանձնարարվել է ձեռնարկել կոնկրետ միջոցներ, որոնք պետք է ընդունվեն ԱՄՆ-ի եւ Իրանի կողմից Գործողությունների համանտեղ համապարփակ ծրագրի լիովին կատարումը վերականգնելու համար:
Ըստ իրանական IRNA գործակալության՝ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցներն ու վերադառնա 2015-ի միջուկային գործարքին:
Հակառակ դեպքում Թեհրանը սպառնում է միջուկային բնագավառում, հատկապես ուրանի հարստացման գործում, որեւէ գործունեություն չկասեցնել:
Արակչին ասել է, թե հայտնվել են նշաններ, որ ամերիկացիները վերանայում են իրենց դիրքորոշումը, եւ մի կողմ են դրվում բոլոր պատժամիջոցների վերացումները, բայց առայժմ իրանական կողմը չի կարող գնահատական տալ, քանի որ բանակցություններն ավարտված չեն:
«Երկար ճանապարհ է սպասվում,- ասել է նա:- Սակայն բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում»:
Նախօրեին Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Վիեննայի քննարկումները, թեեւ իրենք իրանցիների հետ ուղիղ հանդիպում չեն ունեցել, ողջունելի, կառուցողական եւ օգտակար են։
Նա նշել է, որ ձգտում են պարզելու՝ ինչի է պատրաստ Իրանն իր պարտավորություններին վերադառնալու համար, եւ դրանից ելնելով՝ ԱՄՆ-ին ինչ է անհրաժեշտ անել պայմանագրին վերադառնալու համար։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ կառավարության նիստում հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը ցույց տա իր ազնվությունը, կկարողանան միջուկային գործարքի շուրջ բանակցություններ անցկացնել 4+1 ձեւաչափով:
Իրանի նախագահը հավելել է, որ ապրիլի 6-ին Վիեննայում տեղի ունեցած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ նիստից հետո նոր փուլ է սկսվել միջազգային հարաբերություններում եւ միջուկային գործարքի պատմության մեջ:
Ավելի վաղ, ըստ իրանական «Նուռնյուս» գործակալության, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արակչին հայտարարել էր, որ եթե Իրանը համոզվի, որ բանակցությունների մասնակից մյուս կողմը պարզապես ժամանակ է ձգձգում կամ բոլորովին այլ նպատակ է հետապնդում, հենց այդ փուլում բոլոր բանակցությունները կդադարեցնի:
Հիշեցնենք, որ 2015-ին Վիեննայում Իրանի ու աշխարհի վեց գերտերությունների միջեւ ստորագրված պայմանագրից Միացյալ Նահանգները դուրս էր եկել 2018-ին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։