Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ատենապետ Ներսես Ներսոյանը հայտնել է, որ ՀԲԸՄ-ն փետրվարի 13-ից մասնագետներ կուղարկի սիրիահայերի տներ, որոնք ավերվել կամ վնասվել են Սիրիայի երկրաշարժի հետեւանքով, որպեսզի գույքագրում կատարի եւ վերանորոգի դրանք։ «Մենք պետք է այնպես անենք, որ հայ ընտանիքները տուն վերադառնան։ Այն հայերը, որոնց տներն ավերվել են կամ վնասվել, կարող են դիմել Սիրիայի հայ բարեգործական ընդհանուր միությանը, եւ, ըստ առաջնահերթության, կսկսվեն վերանորոգման աշխատանքները»,– նշել է նա։
Ներսոյանը հավելել է, որ բոլոր նրանց, ովքեր չեն կարող վերադառնալ իրենց տներ, համայնքը կտեղավորի երկրաշարժից տուժած քաղաքացիների ընդունելության կենտրոններում։ Տուժած հայերի թիվը դեռ հայտնի չէ։ «Վիրավորների թիվը դեռ հստակ չէ, 2 մահ ունեցանք, 2 մարդու վիճակն էլ շատ ծանր է»,- ասել է ՀԲԸՄ ատենապետը։ Ըստ նրա` ՀԲԸՄ կառույցները կհոգան ֆինանսական ծախսերը։ Միությանը նվիրատվություններ են ուղարկում Եգիպտոսից, Իրաքից, Ավստրալիայից, Լիբանանից եւ այլ երկրներից։
Սրբազանը դրվատանքի խոսքեր է ասել հայաստանցի փրկարարներին
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից էլ հայտնել են, որ Հալեպ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը փետրվարի 11-ին այցելել է Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցի, որտեղ նրանց ընդունել է Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Աշգարյանը։ Սրբազանը դրվատանքի խոսքեր է ասել փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը արժանացել է թե՛ Հալեպի նահանգային իշխանությունների, թե՛ ողջ հալեպահայ համայնքի մեծ գնահատանքին։ Հանդիպման ավարտին եկեղեցում մոմավառություն է արվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։
Ավելի վաղ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայի աղետի գոտի մեկնած հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում փլատակներից ողջ դուրս են բերել 8-ամյա աղջկա։