Կառավարության վերջին նիստում աննախադեպ իրադարձություն եղավ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաքել էր քաղհասարակության, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչներին՝ քննարկելու «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության զեկույցը։ Հիշեցնենք, ըստ զեկույցի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը 2022-ին Հայաստանի համար նվազել է, Հայաստանը հետադիմել է՝ 49 միավորից հասնելով 46-ի։ Ըստ մեթոդաբանության՝ եթե համաթիվը 50-ից ցածր է, արդեն համարվում է լուրջ հիմնախնդիր։ Կառավարության նիստում Փաշինյանն ու նրա թիմը քննարկում էին, թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ «թվերը աճում» են, եւ ռեյտինգները՝ ընկնում։
Ո՞վ է մեղավոր ըստ ԲԴԽ նախագահի
Ըստ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ-ն անկախ մարմին է, եւ թղթերով ամեն ինչ ճիշտ է, ավելին՝ դատական իշխանությունը պատասխանատու է, բայց միակ մեղավորը չէ, ձգձգումներ, ուշացումներ կան իհարկե, բայց օբյեկտիվ են։ Ըստ Անդրեասյանի՝ մեղավորները փաստաբան-իրավաբաններն են, եւ հենց նրանց հանդեպ կարգապահական վարույթներ կկիրառվեն։ Մեղավոր է նաեւ հանրությունը, որովհետեւ, պարզվում է, հանրությունը չի ցանկանում դատարաններին ու դատավորներին նորմալ վճարել, եւ նրանք թվաքանակով դեռ մի բան էլ քիչ են։ Վերջում էլ Անդրեասյանը ամփոփեց, թե՝ «հույս կա քաղաքացիներին համոզել, որ դրական հույս կա, եւ շուտով լավ կլինի»։
Ըստ էկոնոմիկայի նախարար Քերոբյանի
Ըստ Քերոբյանի՝ մեղավորը Դատական ակտերի հարկադրման ծառայությունն է, որը լավ չի աշխատում, հետդատական պրոցեսը էֆեկտիվ չէ։ Քերոբյանը նաեւ կարծում է, որ պետք է թվայնացնել դատական գործընթացը։ Հաջորդիվ նա կառաջարկի դատական ռեֆորմը հանձնել հերթերի կարգավորման «Early one» հավելվածին, իսկ «Telcell» եւ «Idram» հավելվածները կապահովեն կոռուպցիոն գործարքների թափանցիկ շրջանառությունը, Մացոն էլ կնշանակվի կոռուպցիայի դեմ պայքարի գերագույն կոմիսար։
Ըստ փոխվարչապետների
Ըստ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի՝ կառավարությունն է դանդաղում, որոշումների պատասխանատվություն չի վերցնում, չի գնում արմատական քայլերի, եւ դրա պատճառով էլ կոռուպցիան գլուխ է բարձրացրել։ Ըստ մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ բիզնեսը երկրում այլ տեմպով է աշխատում, իսկ կառավարությունը դանդաղում ու չի հասցնում, բայց ի հեճուկս այդ ամենի՝ պոզիտիվ միտումներ կան։
Ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի
Ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ թղթերով ամեն ինչ ճիշտ է, կոռուպցիա չկա, սակայն մարդիկ կոռուպցիայի ընկալում ունեն։
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի
Ամենաուշագրավն, իհարկե, վարչապետի պարզաբանումներն էին։ Ըստ նրա երկաթե տրամաբանության՝ իրենց կառավարությունը լավ է աշխատում, այդ լավ աշխատանքի արդյունքում մարդկանց սպասումները ավելացել են, միջազգային գործընկերների սպասումները ավելացել են, եւ դրա պատճառով էլ ՀՀ կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազել է։ Փաստորեն որքան լավ են աշխատում, այդքան կոռուպցիան ծլում-ծաղկում է։ Ավելին՝ իրենք չեն հասցնում բիզնեսի հետեւից, բիզնեսը ստիպված կաշառք է տալիս այս կամ այն պաշտոնյային, որովհետեւ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, «աշխարհում արագ կառավարություն չկա, կառավարության գործը դանդաղ աշխատելն է, պետք է արագագործ դանդաղ լինել»։
Ի վերջո, ի՞նչ ունենք, եւ ի՞նչ որոշեց ժողովը
Կառավարությունում քննարկում են կոռուպցիայի հարցը, նոր կոռուպցիոն դրսեւորումները, ՀՀ վարկանիշի անկումը եւ գալիս այն եզրակացության, որ բազմաթիվ օբյեկտիվ ու վերերկրային պատճառներով մեղավոր է ցանկացած այլ գերատեսչություն, բայց ոչ իրենցը։ Իրենց ղեկավար վարչապետն էլ ասում է՝ դե նորմալ է, որ դանդաղ ենք աշխատում, կարծես կոռուպցիան միայն կաշառք տալու կամ բիզնեսի հետեւից չհասցնելու մասին է։
Կարծես կոռուպցիա չէ հովանավորչությունը, ընկերների ու բարեկամների տենդերներ շահելը, ընտանիքով նույն կուսակցությունից պատգամավոր լինելը, մի նախարարի կողմից մեկ այլ պատգամավորի բանկից վարկ վերցնելը, ԱԺ նախագահի ու մեծահարուստ բիզնեսմենի՝ իրար հետ էլիտար հանգիստը։ Այդ ամենը, պարզվում է, օբյեկտիվ խնդիրներ են, արագություննների հարց է։
Դեռ ավելին, պարզվում է՝ մարդիկ են տհաս ու անզուսպ, չեն սպասում, թե երբ է դրախտ լինելու, չեն սպասում, թե երբ է ամեն ինչ կարգավորվելու։ Կարճ ասած՝ օրենքներով ամեն ինչ ճիշտ է, բայց արի ու տես. որ այդ անշնորհակալ ժողովուրդը մեկ է, կոռուպցիա է տեսնում՝ կոռուպցիոն գործերում։
Կոռուպցիա չկա, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պետական տենդերներ է շահում, երբ ԱԺ նախագահի եղբայրն ու ՏԿԵՆ նախարարի բարեկամը տենդերներ են շահում, երբ հակակոռուպցիոն կոմիտեն միլիոնավոր դրամների աշխատավարձեր է ստանում եւ կարողանում է արգելափակված քրեական գործով անցնող գույքը հանել արգելքից, վաճառել եւ էլի արգելադրել։
Հայտնի անեկդոտի պես այդ ամենը բոլորը գիտեն, ամեն ինչն էլ գիտեն, ուղղակի խնդիրը ոչ թե պայքարն է կոռուպցիայի դեմ, այլ իմիտացիան։ Խնդիրը ձեւակերպեց վարչապետը վերջում՝ «Հայաստանը պետք է բոլոր ռեյտինգներում առաջատար լինի», այսպես ասած մի նոր ռեյտինգապետություն, որտեղ կարեւորը ոչ թե իրականությունն է, այլ ռեյտինգները։
Իսկ մեղավորն ու ոչ միակ պատասխանատուն ոչ թե կառավարությունն է եւ տարատեսակ պատկան մարմինները, այլ ՀՀ հպարտ քաղաքացին, որը հույս ունի նորմալ երկիր ունենալու, որը դեմ է կոռուպցիային, որը տեսնում եւ խոսում է դրա մասին, դրա համար էլ մեր երկրի բարի համբավը պախարակվում է։
Այդ պատճառով էլ «տարածաշրջանի ժողովրդավարության բաստիոնը» դառնում է կոռուպցիայի հովիտ, ցուցանիշները խաթարվում են, եւ ժողով են անում՝ հասկանալու, թե իրենցից բացի բոլորն են մեղավոր, նախեւառաջ սիրելի ու փայփայելի ժողովուրդը, որի սպասումների պատճառով էլ հենց իջել են ռեյտինգները։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։