Մեր «քաղաքագիտական» միտքը հրճվանքի թեմա է գտել՝ Թուրքիայի երկրաշարժը: Կարծես միայն Թուրքիան է տուժել դրանից: Նույնն է, որ ուրախանաս ինքնաթիռի աղետից, որի մեջ 300 ուղեւորներից մեկն, ասենք, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն է:
Կարճ ասած, մեր «քաղաքագիտական» միտքն արձանագրում է, որ այդ երկրաշարժն Աստծուց էր: Հիմա պատկերացրեք, թե ինչ ոգեւորություն կապրեն մարդիկ, որոնք նշաններ են փնտրում իրենցից դուրս, պատիժներ են երազում 44-օրյա պատերազմի համար:
Իսկ ճշմարտությունն այն է, որ Աստծո պատժից կարող է խոսել հոգեւորականը, բայց ոչ՝ քաղաքագետը: Եվ նույնիսկ Աստծո պատժից խոսող հոգեւորականի բարոյական եւ ինտելեկտուալ ընկալումները ծիծաղելի կդառնան այդ դեպքում, որովհետեւ Աստված չի պատժում, նրա կերպի մեջ պատժելը չկա, Աստված նույնիսկ չգիտի, թե ինչպես են պատժում:
Երբ քաղաքագետն ասում է, թե Աստված է պատժում Թուրքիային, պետք է նաեւ իմանա, թե ովքեր են զոհերը: Նրանց մի մասը սիրիացի փախստականներ են, մի մասը՝ քրդեր, մի մասը՝ ալեւիներ, քրիստոնյաներ, ծպտյալ հայեր եւ, ինչո՞ւ չէ, նաեւ թուրքեր: Հասկացանք, Աստված ձեզ անձամբ է ասել, թե պատժում է Թուրքիային, եւ ասում է, թե իրեն քիչ է հետաքրքրում, թե ովքեր են պատժվողները՝ ծերեր, մայրեր, երեխաներ, հաշմանդամներ, որոնք չեն կարողացել փախչել աղետից, գլխավորն այն է, որ պատժվում է Թուրքիան: Սա հասկացանք:
Իսկ ինչո՞ւ է Սիրիային պատժում Աստված: Որովհետեւ Հալեպում թուրքե՞ր են ապրում: «Պատիժ» բառը, արձանագրենք, քաղաքագիտական չէ: Գնացե՛ք ու հարցրե՛ք Էրդողանին: Նա գիտի, որ այս աղետը միջոց է, որով կարող է պահպանել իր իշխանությունը: Նա ընդդիմությանը ցույց կտա, թե ինչ արագությամբ է հաղթահարում աղետի հետեւանքները: Եվ նույնիսկ, եթե ցույց էլ չտա, մեր կորցրածը մեզ չի վերադառնալու: Հենց այս պատճառով չարժե ուրախանալ:
Դուք կարող էիք ուրախանալ, եթե աղետն անձամբ գտներ Էրդողանին: Բայց դարձյալ հոգեւորականը կարող էր խոսել Աստծո «հետքից», բայց ոչ՝ քաղաքագետը: Եթե Աստված կա, նա հենց հիմա ծիծաղում է այն հայերի վրա, որոնք իրեն վերագրում են պատժողի գործառույթներ:
Ենթադրենք, թե Աստված է պատժել: Դուք ուրախանում եք, որ Ադրբեջանի ագրեսիայի համար աղետը պայթում է Թուրքիայո՞ւմ: Ձեր ուրախությունը հետեւողականություն չունի ձեր իմացության մեջ: Հիմա եթե Թուրքիան պատուհասվեց, դուք՝ ուրախացողներդ, կարո՞ղ եք գնալ ու վերցնել կորցրած հողերը, չէ՞ որ Աստված ինչ կարող էր, արեց ձեզ համար, խեղճացրեց Թուրքիային: Թե՞ Աստված մեզ համար դեռ կիսատ կամ չարած գործեր ունի: Գուցե մեր քաղաքագետները մի քանի տողով նրան հիշեցնե՞ն, որ երկու ավերիչ երկրաշարժը քիչ է մեր, միայն մեր՝ հայերիս վրեժի համար: Աստծո համար, մեր մեջ ասած, սիրուն չէ գործը կիսատ թողնել:
Ի դեպ, ո՞ւր էր Աստված, երբ հայ սպան կռվել չգիտեր 44-օրյայում ու տասնյակներին թողնում էր արդեն գրավյալ տարածքներում ու փախչում:
Այնպես որ մի՛ ուրախացեք Թուրքիայի աղետով, այդ հողերը ջրի տակ չեն անցնում, ընդամենը ցնցվում են:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: