Գյումրեցի Խորեն եւ Լալա Տանաշյանների 10 հոգանոց ընտանիքը համախմբվել է մեկ տանիքի տակ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Գյումրու «Մուշ–2» թաղամասում կառուցված սոցիալական բնակարաններից մեկը բաժին է հասել բազմազավակ Տանաշյաններին:
Հիշեցնենք, որ Տանաշյան ընտանիքի անտանելի պայմաններին «Ալիք Մեդիան» բազմիցս էր անդրադարձել (տե՛ս նաեւ՝ Ո՞ւմ բաժին կհասնեն Գյումրու սոցիալական բնակարանները, Գյումրի. կարմիր տնակում, Ցրտահարության դատապարտվածները):
Խորեն եւ Լալա Տանաշյանները պատմում էին, որ առանց այն էլ խարխուլ տնակը տարածքում շինարարական աշխատանքների պատճառով տեղափոխել էին մի քանի մետր հարավ՝ խոստումով, որ ընտանիքի կացարանի հարցը կլուծեն, բայց սպասումը վերջ չուներ:
Տնակում մանկահասակ երեխաների ապրելն արդեն անհնարին էր դարձել: Ընտանիքը մասնատվել ու տեղափոխվել էր հարազատ-բարեկամի տներ՝ ձմեռելու:
Տանաշյանների սոցիալական անասելի վատ պայմաններին մեր անդրադարձներից հետո ստացանք Լալա Տանաշյանի ուրախ զանգը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 36 բնակարաններից մեկն իրենց է հատկացրել:
Ընտանիքն այս տարեմուտը դիմավորել է երեքսենյականոց տաք ու հարմարավետ բնակարանում: Որ այսպիսի հրաշք կլիներ. ու ցրտահարության դատապարտված ընտանիքը նոր տուն կտեղափոխվեր, ո՛չ հույս ունեին, ո՛չ հավատ:
Մեր հերթական այցն այս անգամ ոչ թե տնակում, այլ բնակարանում էր. հարս ու տղա, թոռ ու աղջիկ հավաքվել էին իրենց այնքան բաղձալի բնակարանում:
Տիկին Լալան ցույց տվեց նոր տան հարմարությունները, ասաց, որ վերջապես իրենք էլ զգացին ընտանիքի ամբողջության ու տաք անկյուն ունենալու քաղցրությունը:
«Էլ չենք հիվանդանում, արդեն մտածում եմ աշխատանք գտնելու մասին»,- ասաց տիկին Լալան: Նա հավելեց նաեւ, որ իրենց պես հարյուրավոր ընտանիքներ կան Գյումրիում, որ դեռ սպասում են տան տեր դառնալու իրենց հերթին: Ընդգծեց, որ իրենց խնդիրն առավել ցայտուն երեւաց մեր լուսաբանումների շնորհիվ:
Նշենք, որ բնակարանը տրամադրվել է ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով: Եթե շահառուն բարեխղճորեն պահպանի բնակարանն ու գույքը, հիմնադրամը թույլ կտա լիիրավ սեփականատեր դառնալ` սեփականաշնորհելով բնակարանները:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։