Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի շրջափակման երկրորդ ամսվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր եւ ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շուրջ 120 հազար ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնելու Արցախում։ «Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը։ Նշելով, որ շրջափակումն անդրադարձել է Արցախի կենսագործուեության բոլոր ոլորտներին՝ նա ընդգծել է, որ խափանելով նաեւ էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը՝ Ադրբեջանը խորացրել է մարդասիրական ճգնաժամն Արցախում:
Արդյունավետ միջոցներ ձեռնարկել նորանոր հանցագործությունների կանխման համար
Արցախի նախագահը, ողջունելով բազմաթիվ երկրների գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների՝ շրջափակումը անհապաղ եւ անվերապահ կերպով վերացնելու կոչերն Ադրբեջանին, նշել է, որ ավաղ այդ կոչերը քիչ ազդեցություն են ունենում Բաքվի վրա։ Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում: «Դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաեւ միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման եւ նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ»,- նշել է Հարությունյանը: Նա Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին հորդորել է պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների եւ Ադրբեջանի պետության դեմ։
«Արցախի ժողովրդի էթնիկ զտման Ադրբեջանի փորձը մտնում է մարդկության դեմ (erga omnes) հանցագործությունների իրավական հասկացության մեջ։ Դրա կանխումը բարոյական, իրավական եւ քաղաքական պարտավորություն է, որը պարտադիր է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ստորագրած բոլոր կողմերի համար: Ուստի միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է առավելագույնը կատարել նաեւ Արցախի ժողովրդի պաշտպանության եւ սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու համար»,- ընդգծել է Արցախի նախագահը: