ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը չի կարող ՀՀ-ի համար խոչընդոտ լինել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։
«Հայաստանը նման նախապայման չունի»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշել է նա։ Պատգամավորը հիշեցրել է, որ ռուսական կողմն ինքն է ավելի վաղ հայտարարել, որ պատրաստվում է հանդիպում կազմակերպելու արտգործնախարարների մակարդակով։ Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ նախարարների նոր հանդիպումը մշակման փուլում է:
Հայկական կողմը խնդրել էր հետաձգել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, քանի որ տվյալ պահին Հայաստանի արտգործնախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետեւանքով ստեղծված խնդիրների հասցեագրումն էր: