ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022-ի ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում նախորդ տարվա ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։ Վարույթներից 66-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, եւ 73 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող, իսկ 69-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 2023 թվական է փոխանցվել 229 քրեական վարույթ:
Դատարան ուղարկված վարույթներից 1-ը եղել է սպանության, 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 3-ը՝ մարդուն առեւանգելու, 11-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների կապակցությամբ։ Վարույթներից 5-ը եղել է անառակաբարո արարք կատարելու, 4-ը՝ ֆիզիկական ներգործության, 2-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 31-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 73 մեղադրյալներից 33-ը անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ են եղել, իսկ 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակիցներ: Մնացած դեպքերը կատարել են այլ անձինք: 77 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի անցկացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է: