Սերգեյն ու Մարիան ամուսիններ են։ Իրենց երեխաների ու տարեց մոր հետ պատերազմի առաջին օրերին Վարշավա են տեղափոխվել։
Սերգեյ Բերեշկոն Ուկրաինայի վաստակավոր արտիստ է։ 33 տարի աշխատել է Խարկովի Շեւչենկոյի անվան դրամատիկական թատրոնում, միաժամանակ դասավանդել Կոտլյարեւսկու անվան ազգային համալսարանում, դոցենտ է։ 2018-ից աշխատում է Կիեւի Լեսյա Ուկրաինկայի անվան ազգային դրամատիկական թատրոնում։
Մարիա Բերեշկոն յոթ տարի եղել է Խարկովի թատրոնի դերասանուհի։ 2019-ից աշխատել է Կիեւի կրկեսային ակադեմիայում։ Զուգահեռ՝ նույն ակադեմիայում խոսքի վարպետություն է դասավանդել, ապա տեղափոխվել Լեսյա Ուկրաինկայի անվան թատրոն։
Սերգեյ Բերեշկո — 2022-ի փետրվարի 23-ին մենք տվեցինք մեր վերջին ներկայացումը, դա Չեխովի «Բալենու այգին» էր։ Դրանից հետո ավարտվեց ամեն ինչ։ Փոխվեց բոլորի ու մեր կյանքը։ Մարտի 4-ին արդեն Վարշավայում էինք։ Չնայած այս հանգամանքին՝ ինձ հետ աշխատանքային պայմանագիրը չի խզվել։ Երբ որոշեմ վերադառնալ՝ կլինի դա պատերազմի ավարտից հետո կամ մինչ այդ, կարող եմ գործի անցնել իմ հարազատ թատրոնում։ Այս պահին էլ կան առաջարկություններ, որ ժամանակ առ ժամանակ լինեմ Կիեւում եւ աշխատեմ թատրոնում։
Մարիա Բերեշկո — Պատերազմը փոխեց ամեն ինչ։ Մեր կամքից անկախ այստեղ հայտնվեցինք։ Անցած մեկ տարվա ընթացքում, շուտով տարին կլրանա, երեք բնակարան ենք փոխել։ Սկզբում մեզ մի ընտանիք ընդունեց։ Երեք ամիս ընտանիքի հինգ անդամներով անվճար ապրեցինք փոքրիկ բնակարանում նրանց հետ, ապա Վարշավայի մերձակայքում մեզ, կրկին անվճար, սեփական տուն տրամադրեցին, որտեղ երկու ամիս ապրեցինք։ Բայց երեխաների դպրոցի հարցը Վարշավա տեղափոխվել ստիպեց։ Մեծ բնակարան էր պետք, որովհետեւ մեր երեխաները տարասեռ են, Սերգեյի մայրը ծեր է։ Պարզ է՝ անվճար լինել արդեն չէր կարող։
Բարդ է եղել այստեղ մեզ համար։ Հատկապես առաջին շրջանում։ Դժվար է դերասանի աշխատանք գտնելը։ Լեզվի խնդիրը կա։ Շուտով լրանալու է մեկ տարին, ինչ այստեղ ենք, բայց նոր ենք սկսում հասկանալ, որ օտարության մեջ հենց ուկրաինացիները կարող են լինել իրար համար ու իրար օգնական։ Մենք, օրինակ, կարող ենք լինել օգտակար ուկրաինացիներին թատրոնի միջոցով։
Սերգեյ Բերեշկո — Ո՛չ։ Չէի սպասում բոլորովին։ Այն, ինչ փետրվարի 24-ին տեղի ունեցավ, անակնկալ էր ինձ համար։ Նույնքան անակնկալ, որքան, երեւի, եղել է 1941-ի հունիսի 22-ը, երբ գերմանական հարձակումը եղավ։ Այդ օրն առավոտյան ժամը 10-ին մենք նոր ներկայացման փորձ ունեինք։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ռեզնիկովիչին պետք է մեր ապագա աշխատանքը ներկայացնեինք։ Դեռ լույսը չբացված՝ մեզ արթնացրին հեռախոսազանգերը։ Պատերազմ էր սկսվել, իսկ մենք հանգիստ քնած ենք։ Ես զանգում եմ թատրոն ու հարցնում՝ լինելո՞ւ է արդյոք նախատեսված փորձը, պատասխանում են՝ այո՛, ոչինչ չի փոխվել, ամեն ինչ ընթանալու է իր հունով։ Իսկ ավելի ուշ՝ արդեն 9։30-ի կողմերը, ասացին, որ փորձ չի լինելու, որ բոլորը պետք է մնան տանը եւ զբաղվեն իրենց անվտանգության խնդիրներով։
Մարիա Բերեշկո — Այո՛, պատերազմ չէինք սպասում։ Սկզբում զրույցներ տարածվեցին, թե պատերազմը փետրվարի 16-ին է սկսվելու։ Դժվար էր հավատալը, որ 21-րդ դարում նման բան հնարավոր է։ Այնուամենայնիվ, կուտակեցինք սննդամթերքի պաշար։ Նաեւ ավտոմեքենան լիուլի լիցքավորեցինք։ Մի կողմից՝ չէինք սպասում, մյուս կողմից՝ պատրաստվում էինք։ Շատ էին այդ մասին խոսակցությունները, եւ դրանք ընդհանրապես անտեսել չէր կարելի։
Ես, իրականում, Լուգանսկից եմ։ 17 տարեկանում ընդունվել եմ Խարկովի արվեստի ինստիտուտ եւ Լուգանսկից դուրս եմ եկել։ Չհաշված բանակային ծառայության երկու տարին եւ Մոսկվայի «Մարդիկ եւ տիկնիկները» անսամբլում աշխատելու երկու տարիները՝ մնացած ողջ գործունեությունս Խարկովում է անցել։ Ես, իհարկե, ռուսախոս եմ։ Լուգանսկն էլ է ռուսալեզու քաղաք, Խարկովն էլ։ Մենք ռուսերեն ենք սովորել։ Ուկրաիներենը առաջնային չի եղել երբեք։ Այն ֆակուլտատիվ պարապմունքների շարքին էր դասվում։ Ինստիտուտում ես սովորել եմ տիկնիկային ֆակուլտետում։ Ե՛վ ֆակուլտետը, ե՛ւ տիկնիկային թատրոնն ամբողջությամբ ռուսալեզու էին։ Հիմա ով ինչ կուզի, թող ասի, բայց սա է եղել իրականությունը։ Կային ինչ-ինչ կազմակերպություններ, որ փորձում էին ուկրաիներենը առաջ մղել, բայց դա բարդ էր։
Հորինվածք է։ Բացարձակ։ Վայրկյան անգամ չկասկածեք։ Ո՛չ Լուգանսկում, ո՛չ Խարկովում նման բան չի եղել։ Ավելին՝ ռուսաց լեզուն, ռուս մշակույթը հեգեմոն են եղել, ճնշել են ուկրաինականը։ Ե՛վ գրքերը, ե՛ւ ֆիլմերը, ե՛ւ թատրոնը ռուսերեն էին։ Ասենք՝ Պատանի հանդիսատեսի թատրոնը, որտեղից սկսել եմ, աշխատում էր բացառապես ռուսերեն։ Դա թատրոն էր երեխաների համար։ Սրանով ամեն ինչ ասված է։ Երեխաների համար թատրոնը ռուսալեզու էր։ Այնպիսի մեծ քաղաքում, ինչպիսին Խարկովն է, կար միայն մեկ ուկրաինական թատրոն, դա Շեւչենկոյի անվան թատրոնն էր։ Իսկ Պուշկինի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնը, Տիկնիկային թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Օպերային թատրոնը, Երաժշտական կոմեդիայի թատրոնը, կրկեսը ռուսերեն էին։ Ողջ մշակույթն էր ռուսերեն։ Կրկնեմ՝ կար միայն մեկ ուկրաինալեզու թատրոն։ Ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ է նեղացրել ռուսներին կամ ռուսերենը։ Չի եղել նման բան։ Չէր կարող լինել նման բան։ Դա հորինվածք է ու հիմարություն։ Ռուսաստանն իր այս անտրամաբանական, հանցագործ քայլով, ոչնչով չպատճառաբանված պատերազմով հակառակ արդյունքն է ստանում։ Այսօր բոլորովին այլ Ուկրաինա է։ Վաղն էլ ավելի այլ է լինելու։ Կյանքի տարբեր ոլորտներ ուկրաիներենն է արդեն մուտք գործում, ռուսերենը դուրս է մղվում։ Սա ավելի քան բնական է։ Այլ կերպ լինել չէր էլ կարող։ Սա Ուկրաինայի եւ ուկրաինացիների պատասխանն է պատերազմին։
Ես Նիկոլայեւ քաղաքից եմ։ Այն նույնպես ռուսախոս է։ Մանկուց խոսել եմ շուրժիկով. ռուսերենի եւ ուկրաիներենի խառնուրդն է այդպես կոչվում։ Երբ ընդունվեցի Խարկովի արվեստի ինստիտուտ, սկսեցի խոսել ռուսերեն։ Ավելին՝ ես ցանկանում էի խոսել ռուսերեն։ Մի պահից ամբողջությամբ անցա ռուսերենի։ Ինստիտուտում բեմական խոսքի զարգացման նպատակով մեզ հանձնարարել էին խոսել ուկրաիներեն։ Ընդ որում՝ պետք է ուկրաիներեն խոսեինք ոչ միայն դասաժամերին, այլ նաեւ ինստիտուտից դուրս։ Մտա մետրո եւ ուկրաիներեն խնդրեցի, որ ինձ ժետոն տան։ Դրամը, որ տվել էի, խոշոր էր, ինձ բավականին մանր պետք է վերադարձնեին։ Տեսնեմ՝ դրամարկղի աշխատակցուհին, անկասկած՝ կանխամտածված, այնպես, որ ինձ անհարմարություն պատճառի, կոպեկներով է ողջը վերադարձնում։ Կրկին ուկրաիներեն խնդրեցի, որ մանրս տա խոշոր դրամով, ինչին ի պատասխան աշխատակցուհին կոպտորեն նետեց՝ սա քեզ ի՞նչ է, փող չէ՞, զապադենկա (արեւմտաուկրաինուհի. այսպես էին ռուսներն արհամարհանքով կոչում ուկրաիներեն խոսողներին։ Վ․Հ․): Այդ օրը ես հասկացա, որ Խարկովում ուկրաիներեն խոսել չի կարելի։ Իրականում ուկրաիներենն է միշտ եղել ճնշված։ Ռուսերենի ճնշված լինելու մասին բոլոր զրույցները հորինվածք են։
Չէ՛, այդպես չէ։ Իմ հարազատ քաղաքը Լուգանսկն է։ Չնայած որ Խարկովում եմ ձեւավորվել, կայացել, աշխատել, այն ինձ համար այդպես էլ հարազատ քաղաք չդարձավ։ Իմ երկամյա զինվորական ծառայությունն անցել է Կիեւում տեղակայված զորամասում։ Ծառայել եմ երգի ու պարի զինվորական անսամբլում։ Մենք, ի տարբերություն այլ զինվորների, ամեն օր՝ օրվա երկրորդ կեսին, քաղաք դուրս գալու իրավունք ունեինք։ Այդ շրջանից ես սիրահարվեցի Կիեւին, եւ Կիեւը դարձավ իմ հարազատ քաղաքը։ Անգամ ավելի հարազատ, քան Լուգանսկն է:
Շատ արագ ու շատ դժվար։ Կիեւից մեր հեռանալը դժվար ստացվեց։ Ազնվորեն ասած՝ հեռանալու միտք անգամ չկար։ Նորությունները թերթելիս աչքովս ընկավ, որ ցերեկը 2-ին Կիեւ-Վարշավա՝ լրացուցիչ երկու գնացք է լինելու։ Տեղում վճռեցի, որ պետք է մեկնել։ Դա մարտի 2-ն էր։ Մեկ շաբաթ էր՝ ընթանում էր պատերազմը։ Արագ հավաքեցինք իրերը։ Մեքենան թողեցի թատրոնի մոտ, եւ մեր դերասաններից մեկի մեքենայով ուղեւորվեցինք կայարան։
Մենք՝ երկու երեխաները, 87 տարեկան տատիկը, շունը, ես ու կինս, գումարած մեր պայուսակները, մտանք կայարան։ Կայարանում ասեղ գցելու տեղ չկար։ Մարդկանց նման քանակ կայարանում ես չեմ տեսել երբեք։ Կանգնած ենք կառամատույցում։ Մեզ հետ կանգնած հարյուրավորներից ոչ ոք չգիտեր, թե որտեղ է կայանելու գնացքը, որին սպասում ենք։ Չկային տոմսեր, չկար տեղեկատվություն։ Ինչ-որ շշուկներ էին տարածվում, մարդիկ՝ տեղյակ ու անտեղյակ, նոր գնացքներից էին խոսում։ Դա շատ նման էր Երկրորդ աշխարհամարտը նկարագրող ֆիլմերի պատկերներին։ Ցուրտ էր, տաքանալու համար որոշեցինք կայարան մտնել։ Տատիկն արդեն գիտակցությունն էր կորցնում։ Ոտքերը չէին ենթարկվում։ Հազիվ կայարանի նստարաններին հասցրինք։ Տպավորություն էր, թե մահանում է։ Այնտեղ բժիշկ գտնվեց, ցույց տվեցին առաջին օգնություն, ուշքի բերեցին։ Ողջ գիշերն անցկացրինք կայարանի նստարանների վրա։ Պարզվեց՝ գնացքը, որին սպասում էինք, տարբեր մանկատներից հավաքված երեխաներով բեռնված վաղուց արդեն մեկնել է։
Հաջորդ օրը ես որդուս հետ կանգնած էի կառամատույցում, իսկ մերոնք կայարանում էին։ Հնչեց օդային տագնապի ազդանշանը։ Իջանք ստորգետնյա անցում։ Իսկ երբ այնտեղից դուրս էինք գալիս, հանկարծ լսեցի, թե կառամատույցներից մեկում Խարկովից եկած գնացք է կայանել, որը Լվով է մեկնում։ Անմիջապես զանգեցի Մարիային, որ վազեն դեպի այդ կողմը, իսկ ես ու որդիս քարշ էինք տալիս մեր իրերը։ Զարմանալի է, բայց գնացքի մոտ մարդ չկար։ Գնացքը կար, չկային մարդիկ։ Ոչ ոք այդ գնացքից տեղեկություն չուներ։ Վագոնի դռան մոտ կանգնած ուղեկցորդուհուց հարցրի՝ կարելի՞ է արդյոք բարձրանալ։ Պատասխանեց՝ կարելի է։ Մտանք վագոն։ Պարզվեց՝ սա Խարկովից արտասահմանցի ուսանողներին էվակուացնող վերջին գնացքներից մեկն էր։ Հասանք Լվով, իսկ այնտեղից՝ արդեն Վարշավա։
Իհարկե, մենք Ուկրաինայով ենք ապրում։ Հետեւում ենք նորություններին ու զարգացումներին։ Վարշավայում, ընդհանրապես՝ Լեհաստանում, հատկապես մեր մասնագիտության տեր մարդկանց՝ դերասանների, կարելի է ասել, չեն սպասում։ Որովհետեւ դերասանը, եթե նա Լեհաստանում է, պետք է շատ լավ իմանա լեհերեն, ապա՝ լեհական մշակույթը, պատմությունը, գրականությունը։ Դերասանը եթե չի տիրապետում մշակութային բոլոր բաղադրիչներին, չի կարող լինել լավը։ Ես, ցավոք, չեմ տիրապետում լեհերենին, ինչպես նաեւ քաջածանոթ չեմ նրանց մշակույթին։ Անցած սեպտեմբերին մենք արդեն վճռել էինք Կիեւ վերադառնալ։ Մտածում էինք՝ երեխաներն իրենց դպրոցում կշարունակեն ուսումը, իսկ մենք կաշխատենք մեր թատրոնում։ Բայց մեր լեհ ընկերները համոզեցին չշտապել։ Աշխատանքի հնարավորություն ստեղծեցին: Որոշեցինք մնալ, բայց մեր մտքում, իհարկե, վերադառնալն է։ Այնտեղ՝ Ուկրաինայում, մենք շատ օգտակար լինել չենք կարող, իսկ այստեղ կարողանում ենք օգնել Ուկրաինայից տեղահանվածներին։ Այս պահին մենք Մարինայի հետ ներկայացում ենք պատրաստում, որն ուղղված է տեղահանված կանանց հոգեբանական խնդիրների լուծմանը։ Ուկրաինացի երեխաների համար ստուդիա բացելու ծրագիր ունենք։
Այս ամառ մենք մեծ խնդիրներ ունեցանք մեր ավագ որդու հետ կապված։ Նա արդեն 9-րդ դասարանի աշակերտ է։ Տարիքային իմաստով՝ անցումային շրջան է։ Նա ուղղակի աղաչում էր մեզ Կիեւ վերադառնալ։ Շատ դեպրեսիվ վիճակում էր։ Մեզ հետ չէր խոսում։ Միայն վերադառնալ էր ցանկանում։ Մենք բացատրում էինք, որ վտանգավոր է, որ ռմբակոծում են, բայց նա ասում էր, որ այնտեղ՝ հայրենիքում, ինքը կարող է պիտանի լինել, կարող է օգնել։ Նա մեջ մեղքի զգացում է առաջացել։ Նման զգացում ունենք բոլորս։ Բայց մենք՝ մեծերս, կարողանում ենք հաղթահարել, իսկ նա չի կարողանում։ Անընդհատ խոսում է այն մասին, որ մենք պետք է լինենք Ուկրաինայում, պետք է օգնենք, փոխարենը՝ Վարշավայում հանգիստ նստած ենք։ Բոլորս ենք մեզ մեղավոր զգում․ նստած ենք այստեղ՝ հարմարավետ, տաք, իսկ այնտեղ անպատկերացնելին է կատարվում։ Մեղքի այդ զգացումը, իրականում, սարսափելի է։ Մեծ տառապանքի պատճառ է։ Մեկ ամբողջ տարի պետք եղավ, որ մեզ գտնել կարողանանք։ Կարողանանք կազմակերպվել։ Ուրախ եմ, որ կարողացանք սկսել այս նոր ծրագիրը, որը Լեհաստան տեղափոխված ուկրաինացիներին ու նրանց խնդիրներին է վերաբերում։ Իսկ երբ կավարտվի պատերազմը, եւ կլինի հաղթանակը, մենք անպայման կվերադառնանք ու կվերակառուցենք մեր երկիրը։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։