ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանն այս պահին աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ «Ադրբեջանի փոխանցած տեքստի վրա մենք աշխատել ենք, փոխանցել, հետո ադրբեջանական կողմն է աշխատել ու կրկին փոխանցել մեզ։ Այժմ հայկական կողմն է աշխատում, եւ կարծում եմ, որ հնարավորինս շուտ այդ տեքստը պատրաստ կլինի, ու պատրաստ կլինենք փոխանցելու այն ադրբեջանական կողմին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա, բայց կարծում եմ՝ հանրությունն այդ մասին տեղյակ կլինի»,– նշեց Գրիգորյանը։
ՀՀ ԱԽ քարտուղարը վստահեցրել է, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, քանի որ բանակցություններ են ընթանում։
«Արդյոք Հայաստանի համար սկզբունքայի՞ն է, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցը որեւէ կերպ արծարծվի» հարցին Գրիգորյանը պատասխանել է, որ հայկական կողմի համար ավելի կարեւոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակում Ստեփանակերտն ու Բաքուն կքննարկեն անվտանգության եւ իրավունքի հարցերը։ «Թե դա որ ձեւաչափով կկատարվի, առաջնային չէ։ Առաջնային է այն, որ ստեղծվի մեխանիզմ»,- շեշտել է ԱԽ քարտուղարը։