Ըստ բրիտանական Financial Times պարբերականի` Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին ռազմական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ է կուտակում՝ նախաձեռնելիք մեծածավալ գրոհի ընթացքում ցամաքային զորքերին օդուժի օգնությունը ցուցաբերելու համար Այս մտավախությունն Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցներին դրդել է առաջնահերթ կերպով հակաօդային պաշտպանության եւ հրետանային զինատեսակներ մատակարարել Կիեւին, որպեսզի Ուկրաինան ի վիճակի լինի պատշաճ կերպով դիմագրավել ռուսական սպասվող հարձակմանը եւ պատերազմի բնույթի հնարավոր փոփոխությանը։
Արեւմուտքում կարծում են, որ ռուս-ուկրաինական պատերազմն ամենայն հավանականությամբ նոր փուլ կթեւակոխի։ FT-ն մանրամասնում է, որ Ուկրաինային աջակցող երկրների դաշինքի ներկայացուցիչների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոսել է ռուսական ռազմաօդային ուժերի ներկայացրած վտանգների մասին եւ հստակ հասկացրել է, որ արեւմտյան դաշնակիցները չափազանց քիչ ժամանակ ունեն ուկրաինացիներին համապատասխան սպառազինություններով օգնելու համար։ Մյուս կողմից՝ Ուկրաինան այժմ խիստ յուրահատուկ սպառազինությունների կարիք ունի։ Օսթինը նշել է, որ ռուսական ցամաքային զորքերը բավականին հյուծված են, ինչը նշանակում է, որ Մոսկվան հնարավոր է պատերազմի բնույթը փոխի եւ այն դարձնի օդային պատերազմ։ «Եթե ուկրաինացիները ցանկանում են գոյատեւել նման պայմաններում, ապա նրանց հարկավոր է հնարավորինս շատ հակաօդային պաշտպանության միջոցներ եւ ՀՕՊ համակարգերի համար նախատեսված զինամթերք»։
FT-ն մանրամասնում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի այս մոտ մեկամյա ժամանակահատվածում ռուսական կողմը բավական խնայողաբար է կիրառել իր զգալի ռազմաօդային ուժերը՝ ավելի ապավինելով ցամաքային գործողություններին, հրետանուն եւ հեռահար հրթիռներին։ Արեւմտյան վերլուծաբանները նշում են, որ ռուսական օդուժը 80 տոկոսով հասանելի է եւ ապահով վիճակում է։ Այս հանգամանքն արդեն «հուշում է», որ Մոսկվան առաջիկայում օդային ռազմարշավ կնախաձեռնի Ուկրաինայի դեմ։ Ստեղծված պայմաններում Միացյալ Նահանգները մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը կհայտարարի Ուկրաինային հատկացվելիք նոր ռազմական օգնության մասին, որում ներառված կլինեն հակաօդային պաշտպանության միջոցներ եւ զինամթերք։ Չի բացառվում նաեւ, որ Ուկրաինային աջակցող երկրների դաշինքը Կիեւին արեւմտյան տիպի ռազմական կործանիչ ինքնաթիռներ էլ հատկացնի։ Այս թեմայով քննարկումներ են ընթանում, սակայն կարեւոր է, որ հնարավոր որոշումները կայացվեն արագ, նշված է հրապարակման մեջ։