ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է նախորդ տարվա ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Մասնավորապես, 2022-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։ Նշվածներից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ եւ 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023-ի հունվար:
Դատարան ուղարկված վարույթներից 9-ը եղել է սպանության, 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առեւանգելու, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների, 5-ը՝ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու, 25-ը՝ ֆիզիկական ներգործության, 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցությունը խոչընդոտելու, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու եւ 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը եղել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ։ 125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել, կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: