ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ փորձագիտական գնահատականներով Հայաստանում կա վնասվածության 3-րդ աստիճանի 524 շենք եւ վնասվածության 4-րդ աստիճանի 90 շենք։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ ԱԻՆ-ի տվյալներով 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերլուծությունը ցույց է տվել, որ Սպիտակի երկրաշարժից առաջ կառուցված շենքերի գերակշռող մասի սեյսմակայունությունն ավելի ցածր էր, քան սպասվող սեյսմիկ վտանգի մակարդակը։ 1989-ից սկսած Հայաստանի հյուսիսային շրջաններում սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված մեծ մասշտաբի աշխատանքներ են կատարվել։ Գերատեսչությանում նշել են, որ ըստ Խորհրդային Միության ժամանակավոր, ինչպես նաեւ 1994 թվականի՝ ՀՀ-ում հաստատված սեյսմակայուն շինարարության ազգային նորմերի՝ անցկացվել են շենքերի եւ շինությունների մանրակրկիտ ուսումնասիրություններ, անձնագրավորում, վերականգնվել եւ ուժեղացվել են վնասված շենքերն ու շինությունները։
Փորձագիտական գնահատականներով՝ ներկայում գոյություն ունեցող շենքերի եւ շինությունների 60%-ը սեյսմաանվտանգության տեսակետից համարվում է խոցելի, եւ ուժեղ երկրաշարժերի դեպքում դրանք կարող են վտանգ ներկայացնել։