Հադրութցի 90-ամյա մանկավարժ Արկադի Արզումանյանը հունվարի 16-ին Ստեփանակերտում կյանքից հեռացավ զավակներից հեռու, Երեւանում մնացած որդին ու դուստրը թոռների հետ այդպես էլ չկարողացան հրաժեշտ տալ տան մեծին, որի վերջին խոսքերը զավակներին տուն բերող ճանապարհի մասին էին։
Հադրութի Տող գյուղում հայրենի տունը թողած եւ Ստեփանակերտում հաստատված 21-ամյա Անահիտ Արզումանյանը թոռներից միակն է, որ ներկա է եղել պապի թաղմանը։ Նա սովորում եւ աշխատում է Ստեփանակերտում, այն երիտասարդներից է, որ կյանքը Արցախում է պատկերացնում։
Շրջափակման մեջ հայտնված Անահիտն ասում է՝ այստեղ բոլորը պատվով են կրում իրենց բաժին հասած զրկանքները, բայց կարծում է, որ մտածված եւ հետեւողական աշխատանքի դեպքում ծագած խնդիրների մի մասը կարող էր չլինել։ Օրինակ՝ կարտոֆիլի, կաղամբի, բողկի եւ այլ բանջարեղենի պակասը, ավելի ստույգ՝ չլինելը, արդարացված չէ։ Ճիշտ է, մշակելի հողերի մի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է, բայց եղած հողատարածքներն էլ լիարժեք չեն մշակվում։
Արցախի պետական համալսարանի լրագրության բաժնի ուսանողը մի քանի իրեն հուզող հարց էլ է տալիս, այդյո՞ք Արցախի կառավարությունն իր օրակարգում շրջափակման սցենար չի կանխատեսել։ Կանխատեսելու պարագայում էլ ինչո՞ւ ոչ մի կերպ չի պատրաստվել։
Կամ երբ խանութներում սկսվել էր ապրանքներ գնելու իրարանցումը, ինչո՞ւ կտրոնային համակարգ չներդրվեց։ Դա, մեր զրուցակցի կարծիքով, կօգներ, որ խանութներում ապրանք մնար, եւ մարդիկ կգնեին այն, ինչն իրենց իրականում անհրաժեշտ էր։
Շրջափակման մեջ հայտնված երիտասարդը կարծում է, որ կտրոններ պետք է կիրառվեն նաեւ դեղերի վաճառքում։ Իհարկե, Անահիտին եւ նրա հասակակիցներին այսօր առավել մտահոգում են ոչ թե առանց կարտոֆիլի եւ կաղամբի ամենօրյա միատեսակ ճաշերը, այլ միօրինակ եւ անորոշ առօրյան, ինտերնետային կապի խափանումները, հովհարային անջատումները, հարազատներից հեռու լինելը եւ այլն։
Էլեկտրաէներգիա խնայելու համար շատ գործատուներ ստիպված են եղել դադարեցնել գործունեությունը։ Մարդիկ մատնվել են անգործության։ «Հեռանկար» հասարակական կազմակերպությունում, որտեղ աշխատում է Անահիտը, խոստացել են պարապուրդի համար անգամ աշխատավարձ վճարել, բայց խորացող բարոյահոգեբանական ճնշվածության մթնոլորտում դա չի մխիթարում,- խոստովանում է զրուցակիցս եւ հարցնում՝ գիտե՞մ արդյոք, որ Արցախէներգո ՓԲԸ-ի վերջին հայտարարության համաձայն հովհարային անջատումներն օրական չորս ժամի փոխարեն կհասնեն վեցի։ Սա ենթադրում է հասարակական կյանքի նոր լարվածություն, աշխատաժամերի հավելյալ կրճատում, դասապրոցեսի խաթարում եւ այլն։
Այս ամենով հանդերձ Անահիտը հավատացնում է, որ պայքարելու է Արցախում ապրելու համար, ավելին՝ իր շրջապատում չկա մեկը, որ Լաչինի միջանցքի բացվելուց հետո պատրաստվում է հեռանալու։ Մեզ մնում է հավատալ, որ Անահիտի նման մտածող երիտասարդները շատ են Արցախում։
Լուսինե Բալյան