Սովետի վերջերն էր, աշխատում էի «Գարուն» ամսագրում։ Քառահարկ շենքի նկուղում բուֆետ կար։ Ընդմիջմանն իջնում էինք մի բան ուտելու եւ սուրճ խմելու։
Մի օր զգացինք, որ գնալով, օր օրի սուրճի համը փոխվում է՝ դեպի վատը։ Դե, որակի վատացումն ու վատթարացումը սովետի օրերին արտառոց երեւույթ չէր, բայց զգում էինք, որ սուրճն ամեն օր ավելի տհաճ է դառնում։
Պայմանական Սիրուշ տոտային հարցրի՝ սուրճի տեսակը փոխվե՞լ ա։ Ասաց՝ չէ՛, ազիզ, էս երկրում ինչն ա փոխվում, որ կոֆեն փոխվի։ Կարո՞ղ ա սրճեփը լավ չեք լվանում։ Վա՜յ, ազիզ,- նեղացավ,- բա ես փնթի կնի՞կ եմ։
Մի խոսքով, գաղտնիքը երկար կմնար չբացահայտված, եթե շենքի փականագործը չմտներ խոհանոց ինչ-որ պայթած խողովակ նորոգելու ու չտեսներ, որ պայմանական Սիրուշ տոտան ափսեների մեջ չորացնում է մեր խմած սուրճի բաժակների տակ մնացած մրուրն ու…
Դե, մնացածը կարելի է ենթադրել. կա՛մ երկրորդային հումքով կրկին սուրճ էր պատրաստում, կա՛մ «բարեխղճորեն» խառնում էր թարմ աղացածի հետ։ Ամենայն հավանականությամբ առաջինն էր, որովհետեւ մեր խմած հեղուկից ավելի ու ավելի քիչ էր սուրճի համ գալիս, եւ ավելի ու ավելի շատ էր քթներիս խփում տիղմ հիշեցնող ինչ-որ հոտ։
Այս պատմությունն ինչո՞ւ հիշեցի։
Հիշեցի, որովհետեւ մեր հասարակական-քաղաքական ասպարեզում կան մի անգամ մրուր դարձած, սովետահրաշքով չորացած եւ նոր կիրառություն գտած բազմաթիվ բերաններ, որոնցից դուրս հորդող խոսքը ոչ մի կերպ կապ չի գտնում ուղեղի եւ մտքի հետ։
Նրանց գոյությունը պայմանավորված է մեր հանդուրժողականությամբ։ Ոչ թե նրանք են խոսում, այլ մենք, հենց մենք ենք նրանց լսում՝ ունկից ռունգ կարճ տարածությունում չզգալով երկրորդային մրուրի տիղմահոտը։
Նրանք մեզ հավաստիացրել են, որ ընտրություն չկա ու չի լինելու, որ իրենք կան ու հավերժելու են … մինչեւ կատարյալ դեգրադացիա։
(Այս բառի ճշգրիտ համարժեքը հայերենում չկա։ Ասում են՝ հետընթաց, բայց դեգրադացիան հետընթացը չէ։ Դեգրադացիան ավելի շուտ աստիճանանկումն է։)
Իսկ աստիճանանկում լինում է, երբ բերանից դուրս եկած խոսքը շատրվանում-անհետանում է, ցայտում ու կորչում է ու վայրէջքի դաշտ չի գտնում հանձնառության մատույցներում։
Եվ այսպես շարունակվելու է, մինչեւ պատահական մի փականագործ կհայտնվի ու կբացահայտի դավադրությունը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։