ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը, պատասխանելով Հարավային Կովկասի հայկական պատմամշակութային ժառանգության հետազոտող Սիմոն Մաղաքյանի հարցին, թե ինչու USAID-ը ոչինչ չի ձեռնարկում շրջափակման մեջ գտնվող Արցախին օգնելու համար, նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի պակաս է առաջացնում։ Նա ընդգծել է, որ միջանցքն արգելափակողները պարտավոր են վերականգնել երթեւեկությունը:
Սամանտա Փաուերը հավելել է, որ տվյալ հարցի շուրջ Հայաստանի արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ամեն օր սերտ կապի մեջ է եւ ամեն ինչ արվում է դիվանագիտական ուղիներով հումանիտար ճգնաժամի հանգուցալուծմանը հասնելու համար։
«Ամերիկյան USAID-ն աջակցում է հայ ժողովրդին եւ հակամարտության գոտում ապրող մարդկանց։ Դա աշխարհաքաղաքականության հարց չէ, մարդկանց հիմնական կարիքների հարց է, ուստի սկզբունքային է, որ շրջափակումը վերացվի»,- շեշտել է Փաուերը: