Եվրոպական հանձնաժողովի անունից Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը պատասխանել է սոցիալիստների եւ դեմոկրատների քաղաքական խմբի Եվրախորհրդարանի պատգամավոր Դիմիտրիս Պապադակիսի՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ գրավոր հարցին։ Իր պատասխանում Բորելը հայտնել է, որ 2022-ի դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշիուշով հետեւում է Լաչինի միջանցքի երկայնքով եւ դրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին եւ դրանց մարդասիրական ազդեցությանը։
Ժոզեպ Բորելը վստահեցրել է, որ ԵՄ-ն նախկինի պես լրջորեն անհանգստացած է ազատ տեղաշարժի եւ կենսական նշանակության ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումներով, որոնք լուրջ խնդիրներ են առաջացնում տեղի բնակչության համար:
Ընդգծել է Ռուսաստանի պատասխանատվությունը
Իր պատասխանում ԵՄ բարձր հանձնակատարը հայտարարել է, որ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ սերտ կապի մեջ է երկու կողմերի հետ: ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկելու միջանցքով երթեւեկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության իր պարտավորությունների: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նաեւ ընդգծել է Ռուսաստանի պատասխանատվությունն այս հարցում, որի խաղաղապահ ուժերի հսկողության տակ է Լաչինի միջանցքը՝ ըստ նույն եռակողմ հայտարարության։
Հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքները հաղթահարելուն ԵՄ-ն 3,6 միլիոն եվրո է տրամադրել
Բորելը հայտնել է, որ ԵՄ հումանիտար ֆինանսավորումը՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքները հաղթահարելուն, 2022-ին եղել է 3,6 միլիոն եվրո: Այն ամբողջությամբ հանձնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ միակ միջազգային մարդասիրական կազմակերպությանը, որը կարող է գործել Լաչինի միջանցքի երկայնքով գտնվող վայրերում։ 2020-ի հակամարտության սրումից ի վեր ԵՄ-ն շուրջ 27 միլիոն եվրո է հատկացրել մարդասիրական օգնության եւ արագ վերականգնման համար՝ ուղղված մարտական գործողություններից տուժած բնակչության ամենախոցելի խմբերի աջակցությանը: