35-ամյա Մելինե Ղուկասյանի աշխարհը սահմանափակվում է Շիրակի մարզի Շիրակ գյուղի այս մութ տնակի խունացած պատերի մեջ: Մելինեն մեկ տարի առաջ է կորցրել իր միակ խնամակալին՝ մորը, եւ մնացել մենակ: Նրան սնունդով, հագուստով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով երբեմն օգնում են հարեւանները, գյուղի վարչական ղեկավարը, Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետարանը:
Կոկիկ ու մաքուր, բայց առանց որեւէ հարմարության տնակում ձմռանը ջերմաստիճանը գրեթե միշտ ցածր է զրոյից: Առողջության լուրջ խնդիրներ ունեցող Մելինեի ապրուստի հիմնական միջոցը հաշմանդամության թոշակն է, աղքատության նպաստից չի օգտվում:
Պետությունը Մելինեին աղքատության նպաստ հատկացնելու կարիք չի տեսնում։ Պատճառը՝ նրանից առավել աղքատներ կան Հայաստանում, կամ նպաստառու դառնալու համար աղքատ լինելը բավարար չէ։
Ախուրյան համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Նահապետյանն ասում է՝ Մելինեին օգնում են, ինչով կարողանում են: Տիկին Նահապետյանը վստահեցնում է, որ վերջերս է կարողացել հավաքել անհրաժեշտ փաստաթղթերն ու լուծել միայնակ մնացած կնոջ թոշակի հարցը, այժմ էլ աշխատում է նրան նպաստառու դարձնելու ուղղությամբ:
Նա նաեւ դիմել է «Շիրակ կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանին՝ խնդրանքով, որ վառելափայտով աջակցեն Մելինեին: 35 բնակավայրերի սոցիալական հանձնաժողովի նախագահը փաստում է, որ նման դեպքերում Թումասյանից երբեւէ մերժում չի ստացել:
Շիրակի մարզում վերջին մի քանի օրերին առավել սաստկացող սառնամանիքին Մելինեի պես հարյուրավոր տնակաբնակներ, միայնակ թոշակառուներ ու ծայրահեղ աղքատներ չեն ցրտահարվել «Շիրակ կենտրոնի» վառելափայտի բաժանման ծրագրի շնորհիվ: Հատկապես տարվա այս եղանակին Շիրակի մարզի աղքատությունն ու թշվառությունը երեւում է ամբողջ «գունապնակով»:
Բարեգործական կազմակերպությունը 200 խորանարդ մետրից ավելի վառելափայտ է բաժանել մարզում, բայց միջոցների սղության պատճառով հարյուրավոր ընտանիքներ դեռ չեն կարողանում օգտվել ծրագրից:
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան այս ընտանիքներին աջակցել, խնդրում ենք մտնել «Շիրակ կենտրոնի» կայք եւ թեկուզ փոքր ներդրումով օգնել ցրտահարվող շիրակցիներին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։