Պատմվածքներից մեկում Հրանտ Մաթեւոսյանը «այդ տան լեզու» բնորոշումն է տալիս պապի եւ թոռների խոսքին, որ հասկանալի է իրենց տանից, բակից, այգու եւ բանջարանոցի ցանկապատից դուրս ոչ ոք չի հասկանա, բայց թոռը ստույգ կիմանա, որ, ասենք, պապը եղանը մոռացել է եւ ետ կգնա, կբերի, որպեսզի խոտի դեզը հենց այդ եղանով կապվի:
Քաղաքականությունն էլ գաղտնալեզու ունի, եւ ուշիմ մարդիկ տարիներով դիվանագետի կրթություն են ստանում, որպեսզի իմանան, թե, դիցուք, պարսկերենում «այո» բառը քանի՞ նրբերանգով է գործածվում, ինչ կոնտեքստում ինչպես պիտի հասկանալ: Պարսիկները երբեք դա ուրիշին չեն բացատրի: Իրեն հարգող ոչ մի ազգ, պետություն իր «տան լեզուն» օտարին չի թարգմանի:
Եւ պարզապես վիրավորական էր տեսնել, հասկանալ, թե ինչպես է բազմափորձ Պոզները Ռուսաստանի խոսքի աքցանի մեջ առել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Աքցան, որի սուր «կսմիթներից» փրկվելուն չէր օգնում անգամ Քոչարյանի ռուսական կրթությունը:
Նա այն տիրույթի մեջ էր, որը թելադրում էր Պոզները: Մանավանդ երբ հիշեցնում էր Հայաստանի աղքատությունը, եւ Քոչարյանը չէր կարողանում հղում անել իր կառավարման տասը տարիների տնտեսական երկնիշ թվերով աճին: Մինչդեռ հայաստանյան լսարանին նա մեծ գոհունակությամբ թվեր է ներկայացնում, թե ինչպես է տասնապատկվել բյուջեն, ինչ ծավալի շինարարություն կամ սոցիալական ինչ ծրագրեր են իրականացվել:
Իսկ ահա Պոզների դիտարկմանը լուռ համաձայնում եւ պատճառաբանում է, որ մեղքը Թուրքիայինն է: Այսինքն, ընդունում է, որ շրջափակված Հայաստանը տնտեսապես չէր կարող զարգանալ: Մինչդեռ 1998-ին հակառակն էր պնդում:
Երկրորդ նախագահը պետք է զգաստանար Պոզների հիշեցումից, որ իրենք Ռուսաստանի առաջին ալիքի տաղավարում են, որ հարցազրույցը տեսասփռվելու է ոչ միայն ամբողջ Ռուսաստանի, այլեւ՝ հետխորհրդային ողջ տարածքում: Այդ թվում՝ Ադրբեջանում, որտեղ ոչ այնքան հրճվելու են, որ Հայաստանի երկրորդ նախագահը սեպտեմբերյան պատերազմի պատասխանատվությունը միանշանակորեն դնում է Նիկոլ Փաշինյանի վրա, այլեւ կատարելապես հանգիստ են զգալու:
Չէ՞ որ Հայաստանի ոչ իշխանությունն է բարձրացնում ագրեսիայի համար Ադրբեջանի պատասխանատվության թեման, ոչ՝ նրա գլխավոր մրցակիցը: (Իսկ որ Ռուսաստանի պետական հեռուստատեսության առաջին ալիքի եթերում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն Ադրբեջանում ընկալվելու է որպես Մոսկվայի կողմից քաղաքական աջակցություն, կասկածել պետք չէ): Մնացածը երկրորդական է:
Բաքվում գերազանց գիտեն, որ առանց միջազգային լայն կոնսենսուսի Հայաստանը չի կարող օրակարգ բերել բուն ԼՂ տարածքների դեօկուպացիայի, Շուշի հայ բնակչության վերադարձի խնդիրները: Դա գիտի նաեւ Պոզները, որ Ռուսաստանի իշխանության «ընտանեկան խոսքին» տիրապետողներից մեկն է: Հակառակ դեպքում 87-ամյա մարդուն վաղուց «պատվավոր հանգստի» ուղարկած կլինեին:
Պոզները դրված խնդիրը գերազանց լուծեց, նա մինչեւ վերջին վայրկյանը տոն թեկադրող էր, ոճ թելադրող: Իսկ դա արդեն լուրջ քաղաքականություն է: Այդ պրովինցիալ հանրությունն է, որ մամուլին նայում է որպես «մարմնավաճառի»՝ վճարիր եւ հաճույք ստացիր: Աշխարհում գիտեն, որ քարոզչական մատրիցան ավելին է, քան՝ նախընտրական կաշառքը կամ տասնյակ հազարավոր համակիրներով հանրահավաքը: Նույն մարդիկ, որ այսօր «օվսաննա» են ասում մեկին, վաղը կքվեարկեն երկրորդի օգտին:
Ահա հետեւում եմ ֆեյսբուքին եւ տեսնում, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի մեսիականությանը հավատացողն այսօր Պոզների հետ նրա հարցազրույցը որակում է «խայտառակություն»: Մարդն օժտված է դիտողունակությամբ եւ արդարացիորեն դժգոհում է, թե արժե՞ր այդքան ջանք թափել, եթե վերջում պարզ պիտի լիներ, որ Քոչարյանն էլ «կանի այն, ինչ Մոսկվան կասի»։
Որպեսզի չզվարճացներ Պոզներին եւ հետխորհրդային տարածքի միլիոնավոր հեռուստադիտողներին, որոնց համար Հայաստանը «միայն ֆորպոստ» է, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է հավատարիմ մնար մեր «ընտանեկան լեզվին», խոսեր հայ մարդու համար: Ասելիքը հասցեագրեր ինձ:
Դարձյալ Հրանտ Մաթեւոսյանի օգնությանը դիմեմ: Ասում է, եթե ես գրողի գործում ինձ չեմ տեսնում, ուրեմն նա ձախողվել է: Եթե ես, որ լրագրության եւ որոշ չափով նաեւ քաղաքականության մեջ եմ ավելի քան երեսուն տարի, բայց Հայաստանի երկրորդ նախագահի ուղերձներն ինձ հասցեագրված չեմ զգում, ուրեմն Պոզների հետ նրա հարցազրույցն ու՞մ համար էր: Ռուսաստանի նախագահի՞, այդ երկրի ռազմաքաղաքական էլիտայի՞: Նրանց հետ հաղորդակցվելու այլ խողովակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չունի՞:
Եթե՝ ոչ, ուրեմն այդ հարցազրույցի հղումներն էլ տեղ չեն հասնելու: Մեզ մնալու է հետխորհրդային տարածքի միլիոնավոր հեռուստադիտողների տարակուսանքը: «Մի՞թե հայերի մեսիան Ռոբերտ Քոչարյանն է»: Եւ, իհարկե, Ադրբեջանի հրճվանքը, որ Բաքուն նենգամտորեն չի բացահայտելու: Որովհետեւ այնտեղ «ընտանեկան լեզուն» վաղուց քաղաքականության եւ վարքի նորմա է: Նույնիսկ եթե խոսողը ռուսական կրթություն ունի, ռուսագիր հեղինակ Ռուստամ Իբրահիմբեկովն է կամ՝ Չինգիզ Հուսեյնովը, որի վեպերն, ի դեպ, Մոսկվայում տասնյակ հազարավոր օրինակներով են տարածվում եւ ադրբեջանական տեքստը դարձնում քաղաքական:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։