92-ամյա Կիմա Բաղդասարյանը Արցախի շրջափակման դժվարությունները հաղթահարում է Ստեփանակերտի տուն-ինտերնատում, որտեղ հայտնվել է 44-օրյա պատերազմից հետո՝ Շուշիիում թողնելով որդու գերեզմանը, տունն ու թանկ հիշողությունները։
Խնդիրների մասին չի էլ ուզում խոսել, թեեւ մեր զրույցի ընթացքում տուն-ինտերնատի լույսերը մի քանի անգամ անջատվեցին։ Նա մի փոքր սրտնեղում է հարեւաններից, որոնք տաքանալու համար մի քանի տաքացուցիչ են միացնում, դե լարերն էլ չեն դիմանում այդ հզորությանը։
Ինչի՞ց դժգոհի, ուզած ժամին գիրք է կարդում, ձեռագործ անում, ինտերնատի աշխատակիցներն էլ բարեհաճ են։ Այնքան բան է գլխով անցել, որ այս շրջափակման դժվարությունները չի զգում։
Կիմա Բաղդասարյանը Շուշիում հաստատվել է Արցախյան առաջին պատերազմից հետո, Երեւանի կենտրոնում՝ Իսրայելյան փողոցի բնակարանը վաճառել, Շուշիում չորս սենյականոց է գնել։ Միջնեկ որդին՝ Գոռ Գեւորգյանը, Արցախյան ազատագրական պայքարի առաջամարտիկներից է եղել, մի քանի անգամ վիրավորվել է, հաղթանակից հետո որոշել է մնալ ազատագրված Արցախում, ավելի կոնկրետ՝ հաղթանակի խորհրդանիշ համարվող Շուշիում։
Այդ ժամանակ Արցախի կառավարությունն անգամ բնակարան է առաջարկել, բայց Կիմա Բաղդասարյանը գերադասել է այն թողնել դրա կարիքն առավել շատ ունեցողներին։
«Հախումյան 5, բնակարան 18»,- խոր հոգոցով է արտաբերում Շուշիում թողած տան հասցեն, որտեղից ոչինչ չի վերցրել։ Չի վերցրել, որովհետեւ որոշել էր՝ ինչ էլ լինի, մնալ այնտեղ։ Հիշում է, նոյեմբերի առաջին օրերն էին, ավտոբուսներով Շուշիի վերջին բնակիչներին էին տեղափոխում, ինքը հրաժարվել է նստելուց, գնացել է որդու՝ Գոռի գերեզմանի մոտ։ Չի հիշում՝ որքան է մնացել, զինվորականներ են հայտնվել եւ ուժով հանել այնտեղից։ Քայլել չի կարողացել, նրանք են տեղափոխել։ Երեւան տանող ավտոբուսում նաեւ Քարին տակ գյուղի բնակիչներ են եղել, զարմանում է՝ հերոսական գյուղը ինչպես կարող էր այդքան հեշտ հանձնվել։
Կիմա Բաղդասարյանը Շուշիում հաստատվելու առաջին օրվանից դասավանդել է Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցում, ջութակի դասեր է տվել, տասնյակ աշակերտների կրթել։ Մինչեւ 90 տարեկանը աշխատել է, մանկավարժությունն իր կոչումն ու առաքելությունն է համարում։ Հանգստի անցնելուց հետո բոլոր ջութակները Ստեփանակերտի Սայաթ-Նովայի երաժշտական քոլեջին է նվիրել։
Արցախում հաստատվելուց առաջ ջութակի ուսուցիչ է եղել Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ութ տարի ղեկավարել է Արմավիրի երաժշտական դպրոցը։ Այժմ աշխարհի ամեն անկյունում աշակերտներ ունի, նրանցով է ուրախանում եւ հպարտանում։
«Չկա մի օր, որ ինձ չզանգեն, ինձնով չհետաքրքրվեն, իսկ արցախցի սաներս պարբերաբար այցելում են, ծանոթացնում իրենց ընտրյալների հետ»,- պատմում է վաստակաշատ մանկավարժը։
Մի փոքր տխրում է, որ երաժշտությունից, արվեստից խոսելու համար ինտերնատում գաղափարակից ընկերուհիներ չունի, իսկ առօրյա կենցաղային խնդիրները չեն հետաքրքրում նրան։ «Ես խիստ ուսուցիչ եմ եղել,- խոստովանում է նա,- ստիպել եմ շատ կարդալ, արցախցի աշակերտներս ընդունակ են եղել, բայց կրթված ու կարդացած սաների պակաս եմ ունեցել»։
Կիմա Բաղդասարյանի որդիներից մեկը Երեւանում է, մյուսը՝ Ուկրաինայում, ոչ մեկի մոտ չի ցանկանում գնալ․ «Ես չեմ հեռանա Արցախից, այն հողից, որի համար կռվել է Գոռս, այս օդը նրանով է լցված»: Նա լիահույս է, որ Արցախը հայկական կմնա, իսկ շրջափակումն ընդամենը ժամանակավոր երեւույթ է։
Լուսինե Բալյան
Լուսանկարները՝ Անահիտ Արզումանյանի