Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագրով նախատեսվում է հանրապետությունում ներդնել նոր մոդել։ Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ստեղծել միասնական շտապ օգնության ծառայություն։
Ծրագիրը մշակելիս ուսումնասիրվել են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի առողջապահական համակարգերում գործող շտապ օգնության ծառայությունները:
Բարեփոխումների առաջին փուլում կստեղծվի կենտրոնացված կարգավարական (դիսպետչերական) միասնական հանրապետական կենտրոն, որի գործունեությունը հնարավորություն կտա առավել օպերատիվ եւ ռացիոնալ կազմակերպելու շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունը եւ սպասարկումը:
Կենտրոնացված կարգավարական միասնական հանրապետական կենտրոնի միջոցով հնարավոր կլինի ընդունել, մշակել եւ համապատասխան բրիգադներին փոխանցել ստացված կանչերը, վերահսկել բոլոր կանչերի ընթացքը, կանչի տեւողությունը, մեքենաների ժամանման ժամանակը։
Շտապ օգնության կայաններից յուրաքանչյուրը սպասարկում է կոնկրետ բնակավայրերի կամ վարչական շրջանների (բացառությամբ առանձին դեպքերի, երբ անհրաժեշտություն է առաջանում, որ մի տարածքի կայանը մեկ այլ տարածքի սպասարկի)։ Նոր՝ միասնական մոդելով նախատեսվում է փոխել այս կարգը, որպեսզի մասնագետները հնարավորինս արագ հասնեն օգնության։
«Կարգավարական կենտրոնի մասնագետները կանչերի սպասարկման ընթացքում կհետեւեն մեքենաների տեղաշարժին, եւ ըստ այդմ՝ յուրաքանչյուր կանչի վայր կուղղորդեն մոտակա ազատ շտապ բժշկական օգնության բրիգադը։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի եւ կկառավարվի բուժառուի ստացիոնար բուժօգնության տեղափոխման գործընթացը՝ անկախ վարչատարածքային բաժանումից»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը։
Հաջորդ փուլով շտապ բժշկական օգնության ծառայությունները կկենտրոնացվեն մեկ կառույցում, ինչը պետք է ապահովի շտապ բժշկական օգնության մեքենաների միասնական պարկի եւ աշխատուժի արդյունավետ օգտագործումը:
Լինում են դեպքեր, երբ քաղաքացին ընթացիկ բժշկական սպասարկման կամ ընթացիկ քրոնիկական բուժման համար զանգահարում է շտապ օգնություն (օրինակ՝ հերթական ներարկում ստանալու համար)։ Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման նոր ծրագրով նախատեսվում է` եթե մասնագետը քաղաքացու հետ հեռախոսազանգով խոսելիս հասկանա, որ կանչը հնարավոր է սպասարկել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունում, ապա ԱԱՊ-ի աշխատանքային ժամերի ընթացքում անհրաժեշտ խորհրդատվությունից հետո քաղաքացուն կուղղորդի այն ԱԱՊ, որտեղ նա գրանցված է։
Շտապ բժշկական օգնության ծառայությունները գործում են Երեւանի քաղաքապետարանի կամ ՀՀ մարզպետարանների ենթակայության բժշկական կենտրոնների եւ առողջության կենտրոնների կազմում, եւ համապատասխան մասնագետներով ապահովման կամ համալրման գործառույթը նրանց իրավասության շրջանակում է:
Շտապ բժշկական օգնության բրիգադները ձեւավորվում են յուրաքանչյուր 20 հազար բնակչին առնվազն մեկ բրիգադ սկզբունքով: Այժմ Երեւանի վարչական շրջաններում տեղակայված է 7 ենթակայան: Գործող շտապ օգնության մեքենաների թիվը 56 է, ընդհանուր բրիգադների թիվը՝ 51, որոնցից 2-ը՝ ֆելդշերական, 13-ը՝ մասնագիտացված (վերակենդանացման): Իրավաբանական անձի կարգավիճակով գործում է միայն ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու շտապ բուժական օգնություն կայան» ՓԲԸ-ն:
Մարզերում շտապ բժշկական օգնության ծառայությունները (բացառությամբ «Գյումրու շտապ բուժական օգնություն կայան» ՓԲԸ-ի) գործում են բժշկական կամ առողջության կենտրոններում՝ որպես բաժանմունք։ Այժմ մարզերում կա այդպիսի 43 բաժանմունք:
Մարզային բժշկական եւ առողջության կենտրոնների շտապ օգնության ծառայություններում կա 253 մեքենա (այդ թվում «Գյումրու շտապ բուժական օգնություն կայան» ՓԲԸ-ի մեքենաները), գործում է շտապ օգնության 128 բրիգադ, որից 49-ը ֆելդշերական է:
«Առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների եւ դիմումների արագ արձագանքման բաժինը 2022 թվականին շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքի վերաբերյալ քաղաքացիներից ստացել է 92 դիմում-բողոք»,- ասում է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ ծրագրի ներդրման միջոցով հնարավոր կլինի ավելի օպերատիվ եւ արդյունավետ բուժսպասարկում մատուցել քաղաքացիերին։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։