Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 17-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ:
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Մտքեր են փոխանակվել Եվրամիության Արեւելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ-ում իրականացվելիք ծրագրերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակին։
Փետրվարի 17-ին ավելի վաղ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ: Փաշինյանը շեշտել է, որ ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում գործող միջազգային միակ կազմակերպությունն է, որ մարդասիրական աջակցություն ցուցաբերելով՝ էապես նպաստում է ԼՂ հումանիտար ճգնաժամի հետեւանքով ստեղծված խնդիրների մեղմմանն ու լուծմանը։
Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին` մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների եւ նրանց ընտանիքների միջեւ կապ ապահովելու համար: ԿԽՄԿ նախագահը նշել է, որ շարունակելու են իրենց մանդատին համաձայն նպաստել ԼՂ բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը: