Բելգիայում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ Բելգիայի ԱԳՆ-ն դրամաշնորհ կտրամադրի Արցախյան պատերազմում վիրավորվածների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով:
Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը:
Բելգիայի ԱԳ նախարարը բացառիկ կարգով հավանություն է տվել Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրին:
Դրամաշնորհը հաստատվել է՝ հակառակ այն հանգամանքի, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021 թվականի համար սահմանված աշխարհագրական առաջնահերթությունների շարքում:
Դրամաշնորհը կհատկացվի «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի»՝ Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորված կամ հաշմանդամ դարձած անձանց վիրահատության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար: