Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում եւ այլուր շարունակվում են Մյունխենում փետրվարի 18-ին Բլինքենի մասնակցությամբ Ալիեւ-Փաշինյան եռակողմ բանակցությունների վերաբերյալ քաղաքական գնահատականներն ու վերլուծությունները: Ներկայացնում ենք Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի ուշագրավ անդրադարձը:
Զուրաբյանը ցավով արձանագրել է, որ բանակցություններում Փաշինյանն այդպես էլ չի հակադարձել Ալիեւին, երբ վերջինս Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքների բռնազավթման, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտման եւ այլեւայլ «մեղքերի» համար։
Ալիեւի «վիճակագրությանը» պետք էր պատասխանել իրական վիճակագրությամբ
«Փաշինյանը լռեց, երբ Ալիեւն ասաց, որ չի բանակցի ղարաբաղցիների հետ, քանի դեռ նրանց ներկայացնում է Ռուբեն Վարդանյանը, մինչդեռ պետք էր ընդամենը ասել, որ արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ով է իրենց ներկայացնում այդ բանակցություններում, եւ ոչ թե Ալիեւը»,- շեշտել է Զուրաբյանը։
Քաղաքական գործիչը նշել է, որ Փաշինյանը ոչ մի համոզիչ փաստարկ չի կարողացել բերել Լաչինի միջանցքի շրջափակման բացակայության մասին Ալիեւի կեղծիքները հերքելու համար։ «Լաչինի միջանցքով անցնող մեքենաների վերաբերյալ Ալիեւի «վիճակագրությանը» պետք էր պատասխանել իրական վիճակագրությամբ, որը ցույց կտար, որ ուղեւորների եւ ապրանքների փոխադրումներն, ըստ էության զրոյացվել են, խափանելով բնականոն կյանքը եւ բերելով տնտեսական աղետալի հետեւանքների»։
Փաշինյանը ոչ մի բառ չասաց․․․
«Փաշինյանը ոչ մի բառ չասաց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո կատարված ագրեսիայի մասին անգամ Հայաստանի կողմից «օկուպացիայի» մասին Ալիեւի կեղծ մեղադրանքներին պատասխանելու համար նրան տրված իրավունքի սահմաններում»,- նշել է Լեւոն Զուրաբյանը։
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը նշել է, որ Ղարաբաղում 64 մզկիթների քանդման վերաբերյալ Ալիեւի մեղադրանքների վերաբերյալ իր պատասխանում, որի վրա Փաշինյանը ծախսել է իրեն հատկացված ժամանակի «առյուծի բաժինը», փոխանակ հերքելու Ադրբեջանի նախագահ հերթական ապատեղեկատվությունը, նա պնդել է, որ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում քանդվել է 1560 մզկիթ: Լեւոն Զուրաբյանը նշել է, որ «համաշխարհային հանրությունն, ըստ Փաշինյանի տրամաբանության, պետք է եզրակացներ, որ «հայերի արածը մի մեծ բան չի»։
Հայ ժողովուրդը վարչապետ է ընտրել կապիտուլյացիան ստորագրողին․ Ալիեւ
Քաղաքական գործիչն ուշադրություն է հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ բանակցություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիա, որը ընդունել է ոչ միայն ամբողջ աշխարհը, այլ նաեւ հայ ժողովրուդը, քանի որ պատերազմից հետո վարչապետ է ընտրել այդ կապիտուլյացիան ստորագրողին։ «Ի դեպ, այս դրվագը ցույց տվեց, որ Փաշինյանի վերընտրությունը Հայաստանում միայն ավելի է սաստկացրել Ալիեւի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, եւ ես հուսով եմ, որ դա դաս կլինի մեր որոշ թեթեւամիտ քաղաքացիների համար»,- ընդգծել է Լեւոն Զուրաբյանը:
Լռելով, Փաշինյանը, փաստորեն, ընդունեց Ալիեւի մեղադրանքները եւ Հայաստանի մեղավորությունը
«Քանի որ Հայաստանի պատմությունը Նիկոլ Փաշինյանի համար սկսում է 2018 թվականի իր «փառապանծ» հեղափոխությունից, նա չգիտի, որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը չի խախտել եւ չէր էլ կարող խախտել, քանի որ գրավյալ տարածքներից դուրս գալու պահանջը երբեք էլ չի հասցեագրվել Հայաստանին, հետեւաբար, հակառակ Ալիեւի ասածների, Հայաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չէր էլ կարող կիրառվել։ Նա չգիտի, որ այդ բանաձեւերը չի կատարել հենց Ադրբեջանը, բազմիցս խախտելով զինադադարը եւ հրաժարվելով հենց այդ բանաձեւերում ներկայացված կարգավորման առաջարկները կատարելուց։ Լռելով, Փաշինյանը, փաստորեն ընդունեց Ալիեւի մեղադրանքները եւ Հայաստանի մեղավորությունը»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Լեւոն Զուրաբյանը։
Պետք էր ընդգծել, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունն ամրագրված է նաեւ միջազգային բոլոր հիմնարար փաստաթղթերում
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահն արձանագրել է, որ երբ Ալիեւը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի, Փաշինյանը անհոդաբաշխ անգլերենով փորձել է բացատրել, որ Ալիեւը «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունն արդեն ընդգրկել է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Մինչդեռ, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահի խորին համոզմամբ, Փաշինյանը պետք է Ալիեւին հակադարձեր եւ շեշտեր, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունն ամրագրված է նաեւ միջազգային բոլոր հիմնարար փաստաթղթերում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հենց Ալիեւի մատնանշած բանաձեւերի մեջ եւ ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում։