Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին եւ Բորիանա Օբերգը փետրվարի 19-ին այցելել են Վարդենիսի սահմանամերձ Սոթք եւ Կուտական բնակավայրեր։ Փաստահավաք խումբը Սոթք եւ Կուտական է գնացել՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները։ Մինչ այդ մարզպետ Կարեն Սարգսյանը նրանց է ներկայացրել 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հասցված վնասները։
Փետրվարի 17-ին Հայաստան ժամանած Կիմմո Կիլյունենն ու Բորիանա Օբերգն ավելի վաղ այցելել են Ջերմուկ, Սյունիք, ինչպես նաեւ Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը։