Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի զոհ դարձած զինծառայողների ծնողներն ու հարազատները կառավարության շենքից դուրս գալուց հետո հայտնել են, որ կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ են տվել՝ վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ հանդիպում կազմակերպելու համար։ Նրանք նշել են, որ եթե մեկ շաբաթում հանդիպում չկազմակերպվի, իրենք կդիմեն այլ գործողությունների։
Զինծառայողների հարազատները պնդում են, որ հարցաքննված զինծառայողների ցուցմունքները չեն համընկնում, հենց դրա համար էլ կարծում են, որ վարույթ իրականացնող մարմինն ինչ–որ բան թաքցնում է։ Բացի դրանից՝ նրանք կասկածներ են հայտնել նաեւ զինվորների զոհվելուց անմիջապես հետո արված ԴՆԹ հետազոտությունների ճշգրտության առնչությամբ։
«Ինչպե՞ս կարող էին այդքան կարճ ժամանակում որոշել, թե ով ում երեխան է։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք արտաշիրիմում անել ու արտերկրում կրկին ԴՆԹ հետազոտություն անել»,- ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ ասել է զոհված զինվորներից մեկի պապը։