Հայաստանում մեկնարկել է «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագիրը, որն ուղղված է գյուղատնտեսության, ագրովերամշակման եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը։
Լոռու մարզպետարանից տեղեկացնում են, որ ծրագիրն իրականացվելու է Լոռու, Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում՝ հաջողված ծրագրային առաջարկների ֆինանսավորման միջոցով։
Օրեր առաջ Լոռիում ներկայացվել են ծրագրի մանրամասները։ «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագրի պատասխանատուները նշել են, որ ծրագրային առաջարկները դիտարկելիս նախապատվությունը տրվելու է համայնքահենք նախաձեռնություններին։ Այսինքն՝ ներդրումներն ուղղվելու են համայնքներում հետագա զարգացում ապահովող գաղափարների իրականացմանը։
«Մեր ծրագրի միջամտությունները չեն լինելու համայնքային խնդիրների լուծումներ՝ ճանապարհի կառուցում, լուսավորություն եւ այլն։ Նախապատվությունը տալու ենք, օրինակ, այն առաջարկներին, որոնք ուղղված են խելացի ոռոգման համակարգերի կառուցմանը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ եւ այլն։ Մեզ հետաքրքրում են գաղափարներ՝ սկսած առաջնային գյուղատնտեսությունից մինչեւ սննդի վերամշակում, արտահանում եւ տուրիզմի զարգացում»,- Լոռու մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում ասել է ծրագրի ղեկավար Կարեն Գեւորգյանը։
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը նշել է, որ մարզպետարանը հետեւողական է լինելու մարզի բոլոր համայնքներում ներդրումային այս ծրագրով առավելագույն օգուտ ստանալու առումով։
«Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագրի գործընկերն է «AM Partners Consulting Company» ՍՊԸ-ն։
Ծրագիրն իրականացնում է տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման փորձառությամբ հարուստ DAI (Development Alternatives Inc.) գլոբալ ընկերությունը Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության նախաձեռնությամբ եւ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ:
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։