«Որոշում կա արագացնելու երկխոսության գործընթացը եւ վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները»,- անցած շաբաթ Թուրքիա կատարած այցից հետո հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Թե այդ գործընթացներն ինչի կհանգեցնեն, կբացվի հայ-թուրքական սահմանը, թե ոչ, այսօր դժվար է ասել։ Մինչդեռ կարծիք կա, որ Մարգարայի անցակետով երկու անգամ Թուրքիա ավտոմեքենաներով մարդասիրական բեռների ուղարկումը, ինչպես նաեւ նույն ճանապարհով հայ փրկարարների վերադարձը կարող են ցամաքային սահմանի բացման նախադրյալ լինել։ Երկրաշարժից հետո այդ երկիրը հայտնվել է բավականին դժվար իրավիճակում եւ միգուցե ավելի զիջող լինի։
Երկրաշարժից առաջ էր, բայց հարկ է հիշեցնել, որ դեռեւս մեկուկես ամիս առաջ՝ հունվարի 6-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, թե «Թուրքիան տեղեկացրել է, որ վերացրել է օդային բեռնափոխադրման արգելքը»։ Հունվարի վերջին էլ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե մեր գործարարները կարող են բեռնափոխադրում իրականացնել օդային ճանապարհով։ Օդային բեռնափոխադրման արգելքի վերացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարվա հուլիսին Ռուբեն Ռուբինյանի եւ Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի հանդիպման ժամանակ։
«Ալիք Մեդիան» փորձեց պարզել, թե տարեսկզբից մինչ այժմ Թուրքիայի հետ արդյոք օդային ճանապարհով ներկրում-արտահանում եղե՞լ է։ Պետեկամուտների կոմիտեից պատասխանեցին, որ դա իրենց գործը չէ, պետք է դիմել Քաղավիացիային։ Քաղավիացիան անպատասխան է թողեց մեր գրավոր հարցումը։ Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել հունվարի տվյալները, թե որ երկրի հետ որքան բեռնափոխադրում է եղել։
Գործարար Գագիկ Մուշեղյանը, որը բիզնես-գործունեությամբ է զբաղվում մեր երկրում եւ Թուրքիայում, տեղեկացրեց, որ «դեռ Հայաստանի կոդերը բացված չեն»։ «Միանգամից չպետք է գնահատական տալ, արգելք հանելը նշանակում է սկսել նոր գործընթաց, ինչ-որ աշխատանքներ պետք է կատարվեն, դրա համար էլ ժամանակ եւ համբերություն է պետք»,- հավելեց նա։
Գործարարի կարծիքով կարեւորը օդային կամ ցամաքային ճանապարհը չէ, այլ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտոնապես բացվի մաքսային սահմանը․ բեռնափոխադրման եւ վերաարտահանման փաստաթղթերի համար ավելորդ քաշքշուկ չառաջանա։ «Երբ ժողովուրդն ասում է ցամաքային բեռնափոխադրում, հասկանում է Հայաստան-Թուրքիա սահմանի հատում։ Ո՛չ։ Մեզ պետք է ուղիղ մաքսային կապ։ Ինչպես աշխարհի շատ երկրների հետ է. օրինակ՝ եվրոպական կամ ամերիկյան երկրները մեզ հետ սահման չունեն, բայց մենք նրանց հետ կատարում ենք նորմալ ապրանքաշրջանառություն»,- ավելացնում է գործարարը:
Որոշ բեռնափոխադրողներ, սակայն, կարծում են, որ Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումը բոլորովին էլ կարեւոր չէ եւ մեծ հաշվով չի էլ լինի։ Բանն այն է, որ այս տարբերակը բավականին թանկ արժի՝ 1 կգ-ի համար միջինը՝ 1 դոլար։ Բեռնափոխադրողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց՝ 20 տոննա բեռ բարձած մեկ մեքենան Ստամբուլից Վրաստանի տարածքով Հայաստան է հասնում 5 օրում եւ արժենում է 4500 դոլար։ Նույնքան բեռը ինքնաթիռով Ստամբուլից Երեւան տեղափոխելու համար պետք է վճարել 20 հազար դոլար։ «Երկրորդը՝ այդ ի՞նչ ես ուզում բերել կամ տանել, որ պիտի շատ արագ անես։ Ընդ որում՝ ինքնաթիռով մեկ օրում չես էլ կարող բեռ փոխադրել։ Նախ պետք է տանես պահեստ, տերմինալ, մինչեւ մաքսազերծես եւ ուղարկես, երկու-երեք օր կտեւի։ Միգուցե՝ ձուկ, որն արագ փչացող ապրանք է, բայց այդ քանակի չես կարող բերել»,- ասում է նա։
Անգամ ձմեռային ամիսներին, երբ Լարսի անցակետը շաբաթներով փակ է լինում, Ռուսաստան արտահանողներն իրենց ապրանքն ինքնաթիռով չեն տեղափոխում։ Ձեռնտու չէ, սպասում են, մինչեւ Լարսը բացվի։ Եվ եզակի ապրանքներ կան, որոնց 1 կգ-ի համար 1 դոլար փոխադրման արժեքը կարող է քիչ նշանակություն ունենալ։ Թերեւս կոնյակը կամ ծաղիկը։ Նաեւ եզակի դեպքեր կարող են լինել, որ ընկերություններից, գործարաններից մեկին անհրաժեշտ լինի շտապ ինչ-որ սարքավորում տեղափոխել, որ իր աշխատանքը, հոսքագիծը չկանգնի։
Անգամ եթե այդպես է, արտադրողը կամ այլ գործարար դժվար թե 20 տոննայի հաշվով 15 հազար դոլար ավելի վճարի։ Ավելի շուտ մի քանի օր, անգամ մի երկու շաբաթ կսպասի։ Եվ եթե առաջիկայում, իսկապես, Թուրքիան չեղարկի օդային բեռնափոխադրման արգելքը, այն մեր երկրի ապրանքաշրջանառության վրա դրական նշանակություն չի ունենա։
Ավելին՝ Թուրքիան, լինելով համաշխարհային բեռնափոխադրման տարանցիկ կենտրոններից մեկը, այդ խնդրին քաջ ծանոթ է։ Եվ իզուր չէ, որ ոչ թե ցամաքային, այլ օդային արգելքն է վերացնում։ «Դա հերթական արեւելյան խորամանկությունն է, որ տեսեք, մենք ինչ լավն ենք, մենք ձեր ճանապարհը բացել ենք, բայց դա ոչ մեկին պետք չի գալու, դա բացարձակ ոչինչ չի տալու։ Մենք բացարձակ չենք օգտվելու օդային փոխադրումներից։ Ինքնաթիռը բեռնափոխադրումների համար չի ստեղծված»,- հավելում է մեր զրուցակիցը։
Եթե Թուրքիան իր քաղաքականությանը հատուկ արեւելյան խորամանկություն է դրսեւորում, ինչո՞ւ են դա ձեռքբերում համարում Հայաստանի իշխանությունները։ «Գործարարը հաշվել գիտի, իսկ իշխանությունների քաղաքական ցանկությունները տնտեսական շահի հետ չեն բռնում։ Ուզում են քաղաքականությունը որոշեն, տնտեսությունը հարմարեցնեն դրան։ Այդպես չի լինում։ Տնտեսապես ձեռնտու չէ, չի աշխատի»,- պնդում է գործարարը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։