Ըստ ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության՝ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում փետրվարի 20-ին սկսում է իր աշխատանքը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, նրանց թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման եւ վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվել էր հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած եւ երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձեւավորի տեղերում եւ ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կաջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին։ «Մենք գործարկել ենք Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA), որն այժմ գործում է եւ իր առաջին պարեկությունն արդեն անցկացրել է»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Բորելը։
Ըստ եվրոպական դիվանագիտության ղեկավարի` առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, տեղում վստահություն կստեղծի եւ կաջակցի ԵՄ ջանքերին` ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին: