ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ փետրվարի 20-ին անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում այն դրական քայլերը, որոնք Թուրքիան ձեռնարկում է Հունաստանի, Հայաստանի եւ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար։ «Այդ երկրների քաղաքացիները Թուրքիայի իրենց գործընկերների հետ միասին աշխատում են երկրաշարժի հետեւանքները վերացնելու ուղղությամբ»,- շեշտել է Բլինքենը։
Ըստ Բլինքենի՝ ԱՄՆ-ը հավատարիմ է պաշտպանական ոլորտում Թուրքիայի հետ շատ սերտ համագործակցության պահպանմանը։ ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Միացյալ Նահանգները եւ Թուրքիան գործընկերներ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում, Բալկաններում եւ Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։