Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ռուս գործընկերների հետ՝ սպառազինությունների վերահսկման առանցքային միջոցառումների թեմայով աշխատելու համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին փետրվարի 21-ի իր ուղերձում տեղեկացրել է, որ Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը «Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների միջեւ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրին»։ Պուտինը նշել է, որ փաստաթուղթը ստորագրվել էր 2010-ին, երբ Մոսկվան եւ Վաշինգտոնը իրար հակառակորդներ չէին համարում, սակայն այժմ դա անցյալում է: Նա հստակեցրել է նաեւ, որ ՌԴ-ն դադարեցնում է մասնակցությունը, սակայն դուրս չի գալիս պայմանագրից։
Պուտինն անհեթեթ է որակել Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրին վերադառնալու, մասնավորապես, ՌԴ միջուկային եւ պաշտպանական օբյեկտների նկատմամբ տեսչական գործունեություն ծավալելու համար թույլտվություն ստանալու վերաբերյալ Մոսկվայի նկատմամբ հնչող պահանջները։ ՌԴ նախագահը նշել է, որ այդ նպատակով կիրառված անօդաչուները զինվել եւ արդիականացվել են ՆԱՏՕ-ական մասնագետների աջակցությամբ։ «Իսկ հիմա նրանք ուզում են նաեւ մեր պաշտպանական օբյեկտները ստուգել։ Այսօրվա դիմակայության պայմաններում դա պարզապես անհեթեթ է հնչում»,- հավելել է Պուտինը։
ՌԴ նախագահը շեշտել է նաեւ, որ որքան ավելի հեռահար զինամթերք տրամադրվի Ուկրաինային, այնքան ավելի շատ Ռուսաստանը կհեռացնի սպառնալիքը իր սահմաններից։ Ըստ նրա՝ Արեւմուտքը չի թաքցնում Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու նպատակը։ «Դա նշանակում է մեկընդմիշտ վերջ տալ մեզ: Այսինքն` նրանք մտադիր են լոկալ հակամարտությունը տեղափոխել գլոբալ դիմակայության փուլ»,- ընդգծել է Պուտինը: «Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ Ամերիկայի միջուկային զինանոցներն ուղղված են Ռուսաստանի դեմ, Մոսկվան դա հաշվի կառնի»,- ասել է ՌԴ նախագահը եւ հավելել, որ եթե Արեւմուտքը միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի, Մոսկվան հայելային քայլեր կձեռնարկի։