ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ու Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Հեռախոսազրույցի ընթացքում Գալուզինն ասել է, որ Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն ծավալելու որոշումը հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի եւ Երեւանի միջեւ այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը։
Ռուսական կողմը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ համանախագահները բազմաթիվ անգամներ եւ առանց դրդապատճառի չեղարկել են Ժնեւյան միջազգային քննարկումների կանոնավոր փուլերը։ «Նման պրակտիկան կարող է հանգեցնել այդ կարեւոր բանակցային մեխանիզմի աշխատանքի փաստացի արգելափակման, ինչը կարող է վնաս հասցնել տարածաշրջանային անվտանգությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվել էր հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 2 տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձեւավորի տեղերում եւ ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին: