Պողպատե ամրանների շուկայում հայտնվել է արտադրող, որը սպառողներին մոլորեցնելու նպատակով իր ամրանային ձողերի վրա սեփական անվան փոխարեն մակնշել է պողպատաձուլական ոլորտում ավելի քան 10 տարի գործունեություն ծավալող, բարձրորակ պողպատե ամրանների արտադրությամբ հայտնի «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության կրճատ անվանումը՝ ASCE: Ընկերությունում դեպքի մասին պատահաբար են տեղեկացել, երբ ամրանների որակը հսկող մասնագիտացված լաբորատորիայից հայտնել են, որ իրենց մոտ փորձաքննության ենթակա «ASCE» (կեղծ) մակնշմամբ պողպատե ամրանը չի համապատասխանում սահմանված տեխնիկական պահանջներին։ «ԱՍԿԵ Գրուպ»-ում դա զարմանքի եւ միեւնույն ժամանակ մտահոգության տեղիք է տվել: Պողպատաձուլական ընկերության տնօրեն Հրաչյա Մուրադյանը դա բնորոշել է իբրեւ «կեղծ գովազդով՝ անբարեխիղճ արտադրանք»: Ըստ նրա՝ կեղծարարներն իրենց անորակ արտադրանքն իրացնելու նպատակով փորձել են առավելագույնս նմանակել հայտնի ընկերության արտադրանքին:
Մուրադյանը նշել է, որ մակնշման մեջ տարբերություններն ակնհայտ են թե՛ տառատեսակի, թե՛ մետաղի գույնի եւ, բնականաբար, որակի առումով: «Այդ ընկերության արտադրանքը նույնիսկ չի համապատասխանում որակի ստանդարտներին եւ սեյսմակայունության, առհասարակ շինարարության առումով բազմաթիվ ռիսկեր է պարունակում։ Սա ոչ միայն մեր ընկերության, այլեւ առհասարակ սեյսմիկ անվտանգության խնդիր է»,- «Արմենպրես»-ին հայտնել է ընկերության տնօրենը: Ըստ նրա՝ տեխնիկական պահանջներին չհամապատասխանող արտադրանքն այլ ընկերության անունից ներկայացնելն ու իրացնելը ոչ միայն անառողջ մրցակցության հիմք է, այլ նաեւ վտանգավոր է մարդկանց կյանքի եւ անվտանգության համար, հատկապես, երբ խոսքը պատերի, հատակների, շենքերի հիմքերի եւ առհասարակ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե ամրաններին է վերաբերում:
Տեղեկանք
ՀՀ Կառավարության 2021 թվականի N607-Ն որոշմամբ հաստատված «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգ»-ի պահանջների 29-րդ կետով՝ յուրաքանչյուր ամրանային ձող պետք է ունենա արտադրող կազմակերպության անվանումը եւ ամրանի մակնիշը, գլոցվածքային մակնշում՝ ոչ ավելի քան 1,5 մետր հեռավորությամբ։