«Պատերազմի օրերին երազ էի տեսել. եղբորս հետ գնացել էինք ձի քշելու, իմ մի ոտքը կտրված էր, Վրեժի երկու ոտքերն էլ չկային: Հիմա եմ հասկանում երազիս իմաստը. Վրեժս չկա, ասես ոտք չունեմ ու հողի վրա ամուր կանգնած չլինեմ»,- այսպես է սկսում զրույցը Արման Մարտիրոսյանը՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Վրեժ Մարտիրոսյանի եղբայրը:
Արմանը եղբոր մասին ասում է. «Շատ չարաճճի տղա էր, շատ էինք կռվում իրար հետ, բայց դա չէր խանգարում, որ լավագույն ընկերներ լինեինք ու վստահեինք միմյանց»: Հիշում է՝ ինչպես էր Վրեժի խնդրանքով մի անգամ ինքը մասնակցել նրա ծնողական ժողովին ու «թուքումուր կերել»:
«Դասղեկը համարյա ամբողջ դասարանի մասին պատմեց, ես համբերատար սպասում էի, թե երբ է Վրեժի անունը տալու: Չդիմացա, հարցրի՝ բա Վրեժի մասին ինչո՞ւ չեք խոսում, ուսուցիչն ասաց՝ վա՜յ, համբերե՛ք, շուտով կլսեք, թե ինչե՜ր կպատմեմ»,- պատմում է Արմանը:
Վրեժի դպրոցական տարիները ակտիվ եւ արկածներով լի են անցել: Ուսուցիչների եւ՛ սիրելին է եղել, եւ՛ ամենաշատ բարկացնողը: Դասընկերները պատմում են, որ տղան միշտ ուշանում էր դասերից, հիշում են՝ մի օր շուտ էր եկել դասի, նույնիսկ ուսուցչուհին էր ապշել: Հենց այդ դասի ժամանակ էլ անընդհատ հաչոց է լսվել դասարանից: Հարցին, թե այս ինչ ձայն է, Վրեժն ասել է՝ ես եմ այդ ձայնը հանում: Մի քանի անգամ էլ է նույն ձայնը լսվել, բարկացած ուսուցչուհին, մոտենալով Վրեժին, տեսել է, որ տղան հետեւում փոքրիկ շուն է փորձում թաքցնել: Պարզվում է՝ փողոցում տեսել է վիրավոր քոթոթին, չի ուզել մենակ թողնի, հետը բերել է դասի ու որոշել հոգ տանել անպաշտպան եւ լքված կենդանու մասին: Այդ օրվանից էլ քոթոթը նրա ուղեկիցն ու հավատարիմ ընկերն էր:
Վրեժը դասերով այնքան էլ հետաքրքրված չէր, տարված էր երաժշտությամբ: Ակորդեոն եւ դաշնամուր էր սիրում նվագել: Եղբայրը պատմում է, որ Վրեժը մի օր մետրոյում նվագող երաժիշտ պատանուն առաջարկել է օգնել եւ մի քանի ժամ ակորդեոն է նվագել ու հավաքած գումարը տվել նրան: Արմանը պատմում է՝ եղբայրը բարդույթներ չուներ, խնջույքների ժամանակ առաջին պարողն ու երգողն էր, քեֆերին համուհոտ տվողն ու խնջույքների ուրախությունը:
«Շատ ջերմ էր, հենց հեռվից մեզ տեսնում էր, վազելով գալիս, ամուր գրկում էր ու լավ խոսքեր էր ասում: Բոլորիս հիշողության մեջ նրա փայլփլուն ու էներգիայով լի աչքերն են»,- պատմում է Վրեժի մորաքրոջ աղջիկը՝ Զարուհին: Ասում է՝ Վրեժը ամենից շատ իր փոքր քրոջ՝ Յանայի հետ էր մտերիմ, ուսերին դրած՝՝ քաղաքով ման էր տալիս:
Տղան բանակ է մեկնել «Ես եմ» ծրագրով. երեք տարի պետք է ծառայեր, ավարտին էլ շուրջ 5 մլն դրամ էր ստանալու: Ընտանիքի անդամները դեմ են եղել նրա որոշմանը եւ չեն ցանկացել, որ մեկ տարի ավել ծառայի, բայց Վրեժն ասել է, որ այդ գումարը իրեն անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար, բայցի այդ՝ չի կարծում, թե ծառայությունը շատ ծանր եւ բարդ է լինելու:
Զորակոչվելու օրը Վրեժը ուրախ է եղել, տնեցիներին համոզել է, որ ընդհանրապես չտխրեն: Ծառայել է Մարտունի 3-ում: Ընտանիքին հաճախ է զանգել, հարազատները չեն հիշում մի դեպք, որ տխուր խոսեր, ասում են՝ միշտ ձայնը զրնգում էր, կատակներ էր անում ու բոլորի տրամադրությունը բարձրացնում:
Վրեժը պատերազմի ժամանակ էլ է նույն լավատեսությունը պահել, մի քանի անգամ է խոսել ու քաջալերել է ընտանիքին: Եղբայրը պատմում է՝ շատ հարազատներ ունեին առաջնագծում, երեւի թե ամենաքիչը Վրեժի համար էին անհանգստանում, որովհետեւ Վերժի «դուխը միշտ տեղն էր»:
Ընտանիքին հանգստացնում էր, բայց պարզվում է՝ թեժ մարտերի էր մասնակցում: Մարտունուց բացի՝ նաեւ Հադրութի եւ Ջրականի (Ջեբրայիլ) դիրքերում են եղել: Վերջին խոսակցության ժամանակ ծնողներին ասել է` ինչքան ուժ ունեն, կռվելու են, որ զոհված ընկներների արժանապատվությունը պահեն եւ արդարությունը վերականգնեն:
Արմանն ասում է. «Այս ցավին մխիթարանք չկա: Միակ մխիթարությունն այն է, որ բոլորը եղբորս մասին լավ ու հետաքրքիր դրվագներ, զավեշտալի դեպքեր են հիշում ու պատմում, իսկ անասելի ցավ է այն, որ նրա մասին նոր պատմություններ այլեւս չենք լսի»: