Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ռուսական դիրքորոշումը չի հանգում արտատարածքային միջանցքների տրամաբանությանը։ Կոպիրկինը հիշեցրել է, որ Մոսկվայի տեսակետն այս առնչությամբ բազմիցս եւ շատ հստակ արտահայտել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների ապաշրջափակման եւ սահմանի սահմանազատման հանձնաժողովի ռուս համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չկա»,– 24News-ին ասել է Կոպիրկինը։ Նա հավելել է, որ ծանոթ է իր գործընկերոջ՝ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի ավելի վաղ արած հայտարարություններին եւ նշել, որ վերջինս միջանցքի եւ միջանցքային տրամաբանության մասին չի խոսել։ «Այն, ինչի մասին նա խոսել է, արձանագրվել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպման ժամանակ։ Խոսքը տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց դա այն փիլիսոփայությունն է, տրամաբանությունն ու ձեւակերպումը, որն ընդունում են բոլոր կողմերը»,– ընդգծել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։
Ավելի վաղ Ադրբեջանում ՌԴ դեսպան Բոչարնիկովը, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, պատասխանելով տարածաշրջանային հաղորդակցությունների մասին հարցին, հայտարարել էր, որ ստեղծվել են փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են տվյալ հարցով, եւ որոնք արդեն հասել են ըմբռնման բարձր աստիճանի ինչպես գործարար շահերի, այնպես էլ տեխնիկական հարցերի տեսանկյունից: Այս համատեքստում Բոչարնիկովը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նախագիծը միանգամայն իրագործելի է անվանել։ Բաքվում ՌԴ դեսպանը նախորդ տարվա հունիսին նշել է, որ Ռուսաստանից նախաձեռնությունը խլելու եւ այդ բոլոր ոլորտներում առաջընթացն իրեն վերագրելու Եվրամիության ցանկությունն ակնառու է: Բոչարնիկովը նաեւ պնդել է, որ Բրյուսելը չի հիշատակում ո՛չ եռակողմ այդ հայտարարությունները, ո՛չ էլ գործընթացում Ռուսաստանի դերը։ Ըստ նրա՝ Եվրամիությունը կարող է օգուտ բերել գործընթացին, եթե ստանձնի տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված նախագծերի ֆինանսավորումը։