ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, ամենակարեւորը՝ խուսափել միջնորդական ջանքերի կրկնօրինակումից եւ մրցակցությունից։ Նա նշել է, որ Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Երեւանի ու Բաքվի միջեւ միջնորդության մասին Եգիպտոսի նախաձեռնությանը, Գալուզինը պատասխանել է, որ Բաքվի եւ Երեւանի հաշտեցման հիմքում եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է։ «Նկատի ունեմ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում, սահմանի սահմանազատման միջոցառումներ, վստահության ամրապնդում հասարակական գործիչների եւ փորձագետների շփումների միջոցով, խաղաղության պայմանագրի պատրաստում: Ամենակարեւորն այն է, որ խուսափենք միջնորդական ջանքերի կրկնօրինակումից ու մրցակցությունից, հասնենք դրանց սիներգիայի»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար: