Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում անդրադառնալով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վճռին, հայտնել է, որ Հաագայի դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով առանցքային կարեւորություն ունի, որովհետեւ դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են:
«Դատարանի նախագահը, երբ ընթերցում էր որոշումը, շեշտեց, որ այն առաջացնում է իրավաբանական պարտավորություն։ Փաստացի ստացվում է, որ բացի եռակողմ պարտավորությունից՝ Ադրբեջանն ունի եւս մեկ իրավաբանական պարտավորություն` ապահովել Լաչինի միջանցքով, բեռների, անձանց անվտանգ տեղափոխումը երկու ուղղությամբ: Սա առանցքային կարեւոր զարգացում է թե՛ անվտանգային, թե՛ իրավական առումով»,– նշել է Եղիշե Կիրակոսյանը։
Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ եթե Բաքուն չկատարի դատարանի որոշումը, դա առնվազն հեղինակազրկելու է Ադրբեջանին միջազգային հանրության աչքին, ինչպես նաեւ լուրջ բարդություններ է առաջացնելու այդ երկրի համար։ Կիրակոսյանը շեշտել է, որ հայկական կողմը որոշումը պետք է հնարավոր բոլոր հարթակներում քաղաքական առումով օգտագործի եւ ամեն ինչ անի՝ ադրբեջանական կողմին եւ միջազգային հանրությանն անընդհատ հիշեցնելու համար այս նոր պարտավորության մասին: «Այդ դեպքում, չեմ կարծում, թե ադրբեջանական կողմի շահերից է բխում այս որոշումը չկատարելը»,- ընդգծել է Կիրակոսյանը: