«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է արել վերջ դնելու Լեռնային Ղարաբաղը տեղեկատվական «սեւ խորշ» դարձնելու քաղաքականությանը:
Հեղինակավոր լրագրողական կառույցը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղ լրագրողների մուտքի սահմանափակումներին։
Կառույցը մատնանշել է առնվազն 10 դեպք, երբ ռուս զինվորականները մերժել են արեւմտյան լրագրողներին մուտքի թույլտվության հարցում։
Կազմակերպության պնդմամբ լրագրողներին մերժելու համար ռուսական կողմը որեւէ օբյեկտիվ պատճառ չի ունեցել։
«Լրագրողները չեն սպառնում այդ տարածքի անվտանգությանը»,- շեշտել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Ժաննա Կավալյեն: Նա հավելել է, որ առանց միջազգային մամուլի Լեռնային Ղարաբաղը կարող է վերածվել տեղեկատվական «սեւ խորշի»։
Լրագրողական հայտնի կազմակերպությունը Ռուսաստանի իշխանություններին հորդորել է վերացնել այդ խոչընդոտները, թույլ տալ լրագրողների ելումուտը՝ անկախ նրանց ազգությունից։
Կառույցը դիմել է նաեւ ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին` խնդրելով օգնել, որ ապահովվի տեղեկություն ստանալու իրավունքը։