Կառավարության փետրվարի 23-ի նիստում Արցախի նախագահ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման եւ թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Միաժամանակ, Արցախի նախագահը հայտնել է, որ պետնախարար կնշանակվի Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների եւ արտաքին գործերի նախարարության: