Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է Լաչինի միջանցքը Ադրբեջանի արգելափակելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի պատկերը: Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, ինչի հետեւանքով ԼՂ հայ ժողովուրդը դժվարին իրավիճակում է հայտնվել: Լաչինի միջանցքի խափանումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում, քանի որ շատ կարիքներ մնում են չբավարարված:
Human Rights Watch-ի հրապարակումը ԼՂ-ում ընտանիքի հետ ապրող 40-ամյա Արմինեի օրինակով է ներկայացնում ստեղծված ծանր իրավիճակը։ Արմինեի հայրը քաղցկեղով հիվանդ է եւ պետք է գյուղից պարբերաբար հասնի Ստեփանակերտ, սակայն վառելիքի եւ տրանսպորտի բացակայության պատճառով բաց է թողել վերջին բժշկական այցելությունները: Ամուսինն էլ վառելիքի բացակայության պատճառով կորցրել է տաքսու վարորդի աշխատանքը, եւ հիմա ինքն է ընտանիքի միակ կերակրողը: 12 եւ 14-ամյա երեխաներն էլ միայն վերջերս են վերադարձել դպրոց, երբ փայտի վառարաններով սկսվել է դպրոցի ջեռուցումը: Սակայն որոշ դպրոցներ փակ են մնում ջեռուցման բացակայության պատճառով։ Սնունդն օրեցօր պակասում է, մատչելի չէ, քանի որ գները կտրուկ աճել են: Արմինեն մի անգամ ձմռան ցրտին 2 ժամ հերթում սպասել է ձու գնելու համար: Արմինեն իր օրը պլանավորում է ըստ էլեկտրաէներգիայի անջատումների: Մի քանի ժամվա ընթացքում, երբ էլեկտրականություն կա, նա պետք է հասցնի ճաշ եփել, տունը կարգի բերել, տաքացնել երեխաների սենյակը եւ օգնել նրանց կատարելու տնային աշխատանքները:
Human Rights Watch-ը շեշտել է` Արմինեի պատմությունը բացառություն չէ: Լաչինի միջանցքի արգելափակումը խաթարել է ԼՂ-ում ապրող հազարավոր հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների հասանելիությունը: Շատերը մնացել են Հայաստանում եւ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ:
Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են, թե պատասխանատու են ճանապարհի փակման համար, սակայն սատարում են բողոքի ցույցերը: «Ադրբեջանի իշխանությունները եւ ռուս խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ բողոքի ակցիաները Արմինեին եւ Լեռնային Ղարաբաղի մյուս բնակիչներին չզրկեն իրենց իրավունքներից, այդ թվում` առողջության, առաջին անհրաժեշտության ծառայությունների եւ ապրանքների հասանելիության, ինչպես նաեւ ազատ տեղաշարժվելու իրավունքից»,- շեշտվում է հրապարակման մեջ: