Չինաստանը ներկայացրել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման իր «խաղաղության պլանը»։ Համաձայն չինական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի՝ այն բաղկացած է 12 կետից եւ նախատեսում է բոլոր երկրների ինքնիշխանության հարգում, սառը պատերազմի մենթալիտետից հրաժարում, մարտական գործողությունների դադարեցում, խաղաղ բանակցությունների վերսկսում, մարդասիրական ճգնաժամի լուծում, քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների պաշտպանություն, միջուկային էլեկտրակայանների անվտանգության ապահովում, ռազմավարական ռիսկերի նվազեցում, հացահատիկեղենի արտահանման խթանում, միակողմանի պատժամիջոցային քաղաքականության դադարեցում, արտադրական եւ մատակարարումային շղթաների կայունության աջակցում, հետկոնֆլիկտային վերականգնման աջակցում։
Փաստաթղթում այս ընդհանուր դրույթներն իհարկե սահմանված են, սակայն չի նշվում, թե, օրինակ, ինչպես կարելի է հասնել մարտական գործողությունների դադարեցմանը։ Միայն ասվում է, որ բոլոր կողմերը պետք է աջակցեն Ռուսաստանին եւ Ուկրաինային, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի ուղիղ երկխոսությունը, եւ իրավիճակն աստիճանաբար լիցքաթափվի՝ հետագայում հասնելով կրակի ամբողջական դադարեցման։ Իսկ ահա, օրինակ, «սառը պատերազմի մենթալիտետից հրաժարման» դրույթի ներքո գրված է, որ պետությունները սեփական անվտանգությունը չպետք է ապահովեն այլ երկրների հաշվին։
Միաժամանակ պետք է համարժեք լրջությամբ վերաբերվել, ըստ Պեկինի, պետությունների՝ սեփական անվտանգության եւ օրինական շահերի առնչությամբ մտահոգություններին, եւ պետք է դրանք հաշվի առնվեն։ Պեկինում կարծում են, որ բոլոր կողմերը պետք է ապահովեն համապարփակ, ընդհանուր, համատեղ, կայուն անվտանգություն եւ տեւական խաղաղություն ու կայունություն ամբողջ աշխարհում՝ նպաստելով հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն եվրոպական անվտանգային ճարտարապետության ստեղծմանը։
Հիշեցնենք, որ թեեւ Չինաստանը ռուս-ուկրաինական պատերազմում պաշտոնապես պահում է չեզոքություն, սակայն հետեւողականորեն պատերազմի մեղավորությունը բարդում է Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների վրա։